Ես հիմա ավելի վատ ինֆորմացիա տամ իմ մասին. Շիրակի համալսարանի ռեկտոր

Aravot.am-ը դժգոհություններ է ստացել Շիրակի պետական համալսարանից, որ առողջապահական պարտադիր ապահովագրության անվան տակ իրենց աշխատավարձերից անհամաչափ գումարներ են պահվել։ Մեզ հետ զրույցում մարդիկ տեղեկացրին, որ ոմանցից պահվել է 8000 դրամ, որոշներից՝ 2000, կան մարդիկ էլ, որոնցից ընդհանրապես գումար չի պահվել, և իրենց համար պարզ չէ, թե ինչ սկզբունքով է դա արվել։

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվել է օրենքով. «Ոչ մի կամայականություն չկա, ամեն բան արվել է օրենքի ուժով, բազում անգամներ տարբեր խմբերի հետ հանդիպել եմ, բոլորին բացատրել եմ, բոլոր պահումները կատարվել են օրենքի տառին համապատասխան»։

Մեր դիտարկմանը, որ կան աշխատակիցներ, որոնք 65+ տարիքի են, և նաև մեծամասնության աշխատավարձը չի գերազանցում 200 հազար դրամը, որովհետև ըստ օրենքի՝ ապահովագրավճար վճարողներ են համարվում այն անձինք, որոնք գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ, սակայն նրանցից ևս գումար է պահվել։

«Բոլոր նրանց, ում նոյեմբերին ստացած աշխատավարձը՝ լրավճարով, պարգևավճարով, գերազանցել է 200.001 դրամը, իրենցից պահվել է, ում աշխատավարձը չի գերազանցել, չի արվել։ Ես ինքս 65+ տարիքի եմ, 65+ տարիքի աշխատակիցներից ոչինչ չի պահվել, բոլորի դեպքում ամեն բան արվել է նույն մոդելով, նույն մոտեցումներով»,- ասաց ռեկտորը։

Մեր դիտարկմանը, որ ըստ աշխատակիցների՝ որոշներից 8000 դրամ են պահել, որոշներից՝ 2000, իսկ ոմանցից չեն էլ պահել, Երվանդ Սերոբյանն այսպես արձագանքեց. «Նախ մարդիկ ստանում են տարբեր չափի աշխատավարձ՝ 200.000-ից 500.000 դրամ և ավելի, նաև միլիոնից վեր։ Այդ ամենը հաշվի է առնվել, անօրեն ոչինչ չի արվել»։

Մեր մեկ այլ դիտարկմանը, որ դժգոհողներից շատերի աշխատավարձը չի գերազանցում 200.000 դրամը, բայց իրենցից պահվել է մինչև 8000 դրամ գումար, իսկ 13-րդ աշխատավարձն էլ, եթե ստացել են, չի կարող դիտարկվել որպես աշխատավարձի բարձրացում, քանի որ տարեկան մեկ անգամ է տրվում, Շիրակի պետական համալսարանի ռեկտորն այսպես պարզաբանեց. «Օրենքի տառը ինչպիսին եղել է, հաշվապահությունն այդ ձևով էլ կիրառել է… Այո, մարդը կարող է ստանալ պարգևավճար, և եթե նոյեմբեր ամսին դա գերազանցել է 200.001 դրամը, դրանից պահվել է, խախտում չի եղել։ Նորմալ է, որ քննարկումներ են լինում, նոր համակարգ է մտել, մարդկանց մոտ հարցեր են առաջանում։

Նշեմ, որ դեկտեմբերի ամբողջ բեռը՝ դրոշմանիշը ամբողջությամբ և ապահովագրությունը, մնացել է աշխատողի վրա, իսկ հունվարից, երբ արդեն դրոշմանիշի օրենքն է գործում, այն տարբերությունը, որ բոլորինը դարձել է 1000 դրամ, արդեն գնում-փակում է։ Մեր դասախոսները տարբեր չափի աշխատավարձեր են ստանում, ունենք պրոֆեսորներ, որոնք 0,25 դրույքով են աշխատում, որոշ պրոֆեսորներ՝ 0,5 դրույքով, 0,75 դրույքով, 1 դրույքով կամ դրանից ավել։ Եթե երկու պրոֆեսոր իրար հետ են համեմատել, պետք է իրենց համար պարզ լինեն այդ հանգամանքները»։

Ինչ վերաբերում է բուհի աշխատակիցների այն դժգոհություններին, որ երբ ռեկտորը սկսել էր պաշտոնավարումը, խոստացել էր բարձրացնել դասախոսների աշխատավարձերը, սակայն միայն վարչական մասի աշխատավարձերն են բարձրացել, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ես հիմա ավելի վատ ինֆորմացիա տամ իմ մասին. անցյալ տարի բլոգերներից մեկը գրել էր, որ մոտավորապես 15 հոգի ստանում է բուհի աշխատավարձերի 30 տոկոսը։ Այդ ես չեմ բարձրացնում աշխատավարձերը, կա հոգաբարձուների խորհուրդ, իրենք են հաստատում։ 13-րդ աշխատավարձ տերմինն էլ թող մոռանան, դա պարգևավճար է եղել։

Առաջին անգամ մեր բուհի պատմության մեջ, ես ամառվա մասին եմ խոսում, ևս կես աշխատավարձով պարգևատրել եմ մարդկանց, և եթե կես աշխատավարձով բոլորն այն ժամանակ պարգևատրվել են, մեկ աշխատավարձ էլ ստացել են նոյեմբերին, մենք դա համարում ենք աշխատավարձի բարձրացում… Բուհի բյուջեի սահմաններում արվում է առավելագույնը։ Ես ինքս հասկանում եմ, որ եթե 14-րդ, 15-րդ աշխատավարձ էլ տանք, դեռ քիչ է, բայց մեր հնարավորության սահմաններում է այդքանն էլ տրվում։ Չեմ ասում, որ դա բարձրացում է, որից ես գոհ եմ, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment