«Գուցե հետաքրքիր առաջարկ է։ Մենք պիտի հասկանանք։ Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ ինչքան էլ իշխանական քարոզչությունն իր սև գործը կարողացել է անել՝ պատմական, հոգևոր արժեքները ջարդելու, արժեզրկելու տեսանկյունից, ես լավատես ու վստահ եմ, որ եկեղեցու պաշտպանությանն ուղղված ցանկացած հնարավորության օգտագործում դրականորեն կգնահատվի մեր ժողովրդի կողմից։ Պետք է հասկանալ առաջարկի քաղաքական հետևանքները»,-Aravot.am-ի փաստմանը՝ «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը հանրային բաց առաջարկ է արել ընդդիմադիր դաշինքներին՝ նախընտրական ցուցակների առաջին տասնյակներում ներգրավել ՀԱԵ հոգևորականների, ինչն ըստ նրա՝ կլինի քաղաքականապես գրագետ քայլ և կգտնի բարձր էլեկտորալ արձագանք, և հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք այս առաջարկի հետ կապված, այսպես պատասխանեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։
Նա ասաց՝ քանի որ առաջին անգամ է այդ գաղափարը լսում ու առաջին տպավորության տակ է պատասխանում, իր մոտ այս պահը՝ նկատի ունի իշխանություն- եկեղեցի հակամարտությունը, հիշեցրեց ՀԽՍՀ վերջին Գերագույն խորհուրդը․ «ՀԽՍՀ ԳԽ ընտրությունների ժամանակ մենք ընտրեցինք Մոսկվայից երկու քննիչների՝ Թելման Գդլյանին և նրա գործընկերոջը, որոնք զբաղվում էին ուզբեկական հայտնի քրեական գործով, և Մոսկվան նրանց դեմ սկսել էր հետապնդումներ իրականացնել։ Գդլյանին ու իր գործընկերոջը տալով ՀԽՍՀ ԳԽ պատգամավորի մանդատը՝ կարողացանք նրանց պաշտպանել և ըստ էության հնարավորինս զերծ պահել կենտրոնի՝ Մոսկվայի ճնշումներից»։
Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս գաղափարն իր մտքով չէր անցել և չի քննարկվել իրենց կուսակցական որևէ հարթակում․ «Այնուամենայնիվ, եթե իսկապես դա հնարավոր է՝ եկեղեցուն պաշտպանելու առումով, մենք պիտի այդ ուղղությամբ մտածենք, ոչ թե դաշինքի հեղինակությունը բարձրացնելու, այլ մտածենք՝ արդյոք դրանով կարողանո՞ւմ ենք մի անվտանգության բարձիկ ավելի ունենալ եկեղեցու համար և դրանով փորձենք այս հակամարտության մեջ ավելի ապահով դիրքեր ստեղծել եկեղեցու համար։ Ինչ վերաբերում է հոգևորական պատգամավոր ունենալուն՝ մենք ունենք դրա նախադեպը․ ոչ մի նոր բան չկա դրանում, և բացարձակ անհնարին չեմ համարում նմանատիպ լուծումը»։
Հարցին՝ հնարավո՞ր է առաջարկեք կուսակցական հարթակում քննարկել այս առաջարկը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Որ հնչել է նման գաղափար, գուցե կքննարկենք, թե ինչպիսի որոշում կկայացնենք, այս պահին դեռ չէի ուզենա այդ մասին խոսել։ Գաղափարը շատ թարմ է և գուցե քննարկման առարկա է։ Պետք է հասկանանք։ Այնուամենայնիվ, դրանում ինձ հակառակ ծայրը հետաքրքրեց՝ եկեղեցին պաշտպանելու համար լրացուցիչ գործիքի կիրառելիություն։ Ենթադրենք հինգ դաշինքում ամեն տասնյակում երկու եկեղեցական գնում, հասնում է ԱԺ … մենք պետությունը պետք է զերծ պահենք բոլոր տեսակի ռիսկերից։ Հասկանում ենք՝ մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ խելագարության կանխավարկածն է դարձել հիմնական խաղի կանոն, բայց մենք պետք է դրանից դուրս գանք և, այնուամենայնիվ, հակառակ ծայրահեղության մեջ էլ չպիտի ընկնենք։ Զուտ իդեայի մասին քննարկում անելու համար գուցե կարելի է, բայց դա պետք է ամբողջությամբ և համակողմանի ուսումնասիրվի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: