Ժողովրդին առաջարկվող քաղաքական ընտրանքը հիմք չի տալիս, որ Գյումրիի «սցենարը» իրատեսական է. Արտաշես Խալաթյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բարձրագույն պետական ինստիտուտների համալրումը թեկնածուներից պահանջում է համապատասխանել որոշակի չափանիշների և այդ չափանիշների փոփոխումը կամ չեղարկումը  կբերի սահմանադրական անվտանգության թուլացման, որովհետև երբ վարչապետի թեկնածուին կամ կառավարության անդամի թեկնածուին առաջադրվում են վերջին չորս տարվա ընթացքում միայն ՀՀ քաղաքացի լինելու և մշտապես բնակվելու ու հայերենին տիրապետելու պահանջներ՝ դրա նպատակն է բարձրագույն պետական ինստիտուտներում ունենալ այնպիսի պաշտոնատար անձինք, որոնք ինստիտուցիոնալ և անձնական առնչակցություն ունեն Հայաստանի Հանրապետության հետ։

Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի նպատակադրմանը՝ փոխելու ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը, որով կհաղթահարվեն վարչապետի թեկնածուին ներկայացված պահանջները։

«Այլ կերպ ասած, որպեսզի պատահական մարդիկ,այլ պետությունների շահերը ներկայացնող գործակալներ կամ ազդեցության գործակալներ չմտնեն բարձրագույն պետական ինստիտուտների համակարգ և չձևախեղեն երկրի ազգային-պետական քաղաքականությունը։ Հիմա, ըստ էության  հռչակվել է նպատակ, որով պետք է ՀՀ վարչապետին առաջադրվող պահանջները այնպիսի փոփոխություններ կրեն, որ համապատասխանեն մեկ անձի կարգավիճակին, ինչը լրջագույնս թուլացնելու է Սահմանադրության իմունային համակարգը և իհարկե երկրի ինքնիշխանությունը, որովհետև ստացվում է, որ Սահմանադրությունը  տվյալ պարագայում սպասարկելու է կոնկրետ մեկ անձի նեղ քաղաքական շահ»,- ասաց նա։

Խալաթյանը խոսելով Սահմանադրության կոնկրետ հոդվածի փոփոխման իրավական ընթացակարգից, ասաց, որ դրա համար նախ անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը և հետո՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի կողմ քվեարկությունը, որպեսզի նախագիծը ընդունվի, առնվազն խոսքը այն մասին է, որ «Ուժեղ Հայաստան»-ը միայնակ կամ այլ քաղաքական ուժերի հետ միասին պետք է ունենա ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մոտ 70 տոկոսից ավելին, որը «ես կարծում եմ իրատեսական չէ»։

«Կամ նրանք ծրագրում են կատարել այնպիսի փոփոխություն, որ բազմաքաղաքացիություն ունեցող անձի թույլատրեն դառնալ ՀՀ վարչապետ, կամ դրույթը հանվի, որով սահմանված է վերջին  4 տարիներին միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջը, այսինքն՝ հրաժարվի մյուս երկու քաղաքացիություններից և համապատասխանի այդ պահանջին»,- նշեց նա։

Խալաթյանը հավելեց՝ սա տեսական քննարկում է և գործնականում անիրագործելի ծրագիր է՝ ելնելով այն հանգամանքից, որ բացարձակապես իրատեսական չէ՝ թե միայնակ, թե մի քանի քաղաքական ուժերի հետ միասին ընդդիմությունն այդքան ձայն կարողանա ապահովել։

Մեկնաբանելով պնդումները, որ ընդդիմադիր ուժերը կարող են կրկնել Գյումրիի ընտրությունների սցենարը և իշխանություն վերցնել, Խալաթյանը կրկին դա ոչ իրատեսական սցենար որակեց, որովհետև ըստ նրա՝ համապետական ընտրությունները այլ տրամաբանություն ունեն․«Եվ այն քաղաքական ընտրանքը, որն առաջադրվում է ժողովրդին, իհարկե հիմք չի տալիս, որ նման սցենար կարող է կրկնվել, բայց կարող է այլ իրատեսական սցենար լինել․ քանի որ գործող քաղաքական դաշտում, ցավոք սրտի,  կենսունակ ընդդիմադիր  ուժեր, որոնք նաև ժողովրդավարական արժեքների ջատագով լինեն՝ քիչ են, հնարավոր է իրավիճակ, երբ  Կարապետյանի ուժը միայնակ կամ այլ  նախկին քաղաքական ռեժիմը ներկայացնող ուժերի հետ կարողանա դառնալ տիտղոսային ընդդիմություն, այսինքն՝ երկրորդ բևեռ, ինչը մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար շատ վնասակար կլինի, որովհետև ստացվում է, որ ՀՀ ինքնիշխանությունը մերժող և ժողովրդավարությունը թերագնահատող ուժերը դառնալու են այլընտրանք իշխող ուժին․ եթե իհարկե այս ամիսների ընթացքում  արժեքահեն ընդդիմադիր ուժերը չկարողանան ձևավորել այնպիսի ձևաչափ, որպեսզի ռեալ այլընտրանք լինեն և սահմանափակեն նախկին քաղաքական ռեժիմի մուտքը խորհրդարան»։

Գեղամ Ադյան

Leave a comment