Գերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը նոյեմբերի 25-27-ը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Յոհաննես Շրապսի, Դանիել Քյոբլի և Յոհաննես Ֆոլկմանի հետ։

Այս մասին հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Յոհաննես Շրապսի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև պրակտիկանտների փոխանակման ծրագրի դերը երիտասարդների մասնագիտական փորձի փոխանակման և հայ ու գերմանացի երիտասարդների միջև կապերի ամրապնդման գործում։

Դանիել Քյոբլի հետ քննարկվել են կրթական և տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել KfW զարգացման բանկի գործունեությանը, Ակադեմիական քաղաքի նախագծին, Բեռլինի ԹՈՒՄՈ կենտրոնին և Գյոթե ինստիտուտի գործունեությանը։

Յոհաննես Ֆոլկմանի հետ հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման, գերմանական ներդրումների ներգրավման, գործարար համագործակցության ակտիվացման, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության և դիվերսիֆիկացման հարցերը։

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարների և TRIPP ծրագրի մեկնարկի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում գերմանական քաղաքական հիմնադրամների գործունեությանը և համագործակցության նոր ուղղությունների զարգացման հնարավորություններին։

Leave a comment