«Խիստ սխալ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից վտանգավոր եմ համարում, որ պարոն Վենսը որոշեց կոպտորեն միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին։ Դա Փաշինյանի ուղիղ աջակցությունն է։ Ի դեպ` դա մեր օրենսդրությամբ արգելված է»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ ՀՀ այցին և այն հայտարարություններին, որով իր աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ նրա՝ այս հայտարարությամբ մեր հասարակության աչքերում ԱՄՆ-ի հեղինակությունը տուժեց․ «Միշտ ԱՄՆ-ն ինքն էր ՌԴ-ին մեղադրում, որ հետխորհրդային երկրների ներքին կյանքին միջամտում է։ Մենք տեսնում ենք, որ նրանք չխորշեցին դա անել։ ԱՄՆ-ն կրկնում է այն սխալը, որը երբեմն ՌԴ-ն է անում, երբ դու նույնանում ես որևէ օրվա իշխանության հետ, ունենում ես հեղինակության կորուստ նաև դու, մանավանդ, եթե այդ իշխանությունները ոչ պոպուլյար են։ Վենսը հեղինակազրկվող Փաշինյանի հետ փորձեց նույնացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչի հետևանքները տարիներ անց Վաշինգտոնում զգալու են»։
Սուրեն Սուրենյանցի համար խիստ վիրավորական էր նաև Բաքվում Վենսի արած հայտարարությունը, թե նա առաջիններից մեկն է, որ Ադրբեջան է հասել ԹՐԻՓՓ-ով․ «Առայժմ ԹՐԻՓՓ-ը չի աշխատում, դրա իրավական սահմանումն ու աշխարհագրական պարամետրերը նույնիսկ չկան, այս պարագայում, երբ Վենսն այդպիսի հայտարարություն է անում, տպավորությունն այն է, որ ամերիկյան այս վարչակազմը ՀՀ-ն նույնացնում է ԹՐԻՓՓ-ի հետ։ Չեմ զարմանում, քանի որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում ասաց, որ հայկական պետականությունն 99 տարի երաշխավորված է, քանի որ ԹՐԻՓՓ-ը 99 տարի գործելու է։ Ողբամ էն պետությունը, որն իր պետականությունը կապում է այս դեպքում ոչ թե գերտերության, այլ ուղղակի մի նախագծի հետ։ ԹՐԻՓՓ-ի վրա ամերիկյան ներդրումները կամ երրորդ երկրների ներդրումներy կազմելու են 200-250 միլիոն դոլար։ Մի այնպիսի գումարի մասին չէ խոսքը, որը գռեհկաբար կարելի էր նման հայտարարություն անել և համարել հայկական պետականության երաշխիք։ Անհարմար են այս տիպի խոսակցությունները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: