Եթե Հայաստանը 5 միլիարդ դոլար վճարի ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցման համար և 4 միլիարդ դոլար՝ դրա սպասարկման համար, ապա այդ կայանի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կկազմի 60-80 դրամ՝ մեկ կՎտ/ժ-ի համար։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։
Նա պարզաբանել է, որ նման դեպքում կայանը կա՛մ չի աշխատի, քանի որ կարտադրի շատ թանկ էլեկտրաէներգիա, կա՛մ պետք է բարձրացվի սակագինը, կա՛մ էլ տարբերությունը պետք է սուբսիդավորի պետությունը։
Ղազինյանը նկատել է, որ ԱՄՆ-ում մոդուլային ատոմակայանի կառուցման առաջին լիցենզիան տրվել է 2023 թվականին, սակայն հենց նույն տարում շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ իրական արժեքն ավելի բարձր է եղել, քան նշված էր նախագծում։ Նա հստակեցրել է, որ սա վկայում է այն մասին, որ 9 միլիարդ դոլարը, որը հնարավոր է վճարի Հայաստանը, կարող է վերջնական թիվը չլինել։
«Ոչ ոք չի ասում, որ մոդուլային ատոմակայանն ինքնին վատ երևույթ է։ Մենք ասում ենք, որ տվյալ երկիրը դեռ չի կառուցել նման կայան, որպեսզի հնարավոր լինի գործնականում ստուգել իր իսկ կառուցած օբյեկտը։ Իմ տեղեկություններով՝ աշխարհում չկա մի երկիր, որի մոդուլային ատոմակայանը միացված լինի էներգետիկ համակարգին»,- նշել է Դավիթ Ղազինյանը։
News.am