ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոնի (թիվ 19 պոլիկլինիկա) բուժքույրերը դեռևս չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը: 24News-ի հետ կապ հաստատած բուժքույրերն իրենց վրդովմունքը հայտնեցին ստեղծված իրավիճակի շուրջ և տեղեկացրին, որ հունվար ամսին էլ դեկտեմբերի աշխատավարձն են ուշացումով ստացել:
«Ամիսն ավարտվում է, դեռ աշխատավարձ չենք ստացել, նոր տարվա տոնական օրերին էլ պետական կառույցներում բոլորը պարգևավճարներ ստացան, բուժքույրերով դեկտեմբերի աշխատավարձը հունվարի 16-17-ին ստացանք»:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատուրյանից տեղեկացանք, որ առողջության ապահովագրության նոր համակարգի ներդրումից հետո որոշ տվյալներ ճշգրտելու կարիք է եղել, քանի որ պոլիկլինիկաները մեծ թվով մարդկանց են սպասարկել մեկ ամսում:
«Պոլիկլինիկաների բուժաշխատողները երկու մասով են աշխատավարձ ստանում, պետպատվերի փոխհատուցումը տրվել է, խնդիր է առաջացել ապահովագրության մասի հետ: Քանի որ բարեփոխման առաջին ամիսն է, կատարողականներում ճշգրտումների կարիք կար, օրերի հարց է, ժամանակ ենք տվել, գուցե հենց վաղը փոխանցվի գումարը: Հիվանդանոցները մեզ կատարողական են տալիս, որի հիման վրա բաց ենք թողնում գումարը»:
24News-ը կապ հաստատեց նաև Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոնի տնօրեն Կամսար Բաբինյանի հետ: Վերջինս հավաստիացրեց, որ իր բոլոր 415 աշխատողների աշխատավարձերն արդեն փոխանցված են: Հարցին, թե ինչն է ուշացման պատճառը, պատասխանեց. «Ինձ տենց հարցեր մի’ տվեք»:
Նշենք, որ նյութը թողարկելու պահին բուժաշխատողները դեռևս աշխատավարձ չէին ստացել:
Հասմիկ Կիրակոսյան
–00—ՅՄ