Նա այս հարցում ունի ընդամենը 1 քվե, ինչպես մնացած բոլոր ընտրողները. «Փաստ»

Տեղին է հիշեցնել, թե նա՝ Փաշինյանը, նախօրեին բառացիորեն ինչ ասաց. «…2026 թվականից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու։ Հունիսի 8–ին արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ թագավորի սպանությամբ։ Հայաստանն ու հայ ժողովուրդը վերադառնալու է իր պատմությանը»:

Դեռ մի կողմ դնենք պատմության վերաբերյալ Փաշինյանի խեղաթյուրված ընկալումը: Խեղաթյուրված, քանի որ Հայոց պատմությունը չի ավարտվել Պապ արքայի սպանությամբ: Ավելին, նույնիսկ Արշակունիների դինաստիայի թագավորումը այդպիսով չի ավարտվել: Է՛լ ավելին, դրանից հարյուրավոր տարիներ անց եղել են նաև Բագրատունիները, հետո՝ Կիլիկիայի հայոց արքաները: Ավելին, եղել է հայոց պետականության վերականգնումը 1918 թվականին: Այս ամենը, և Փաշինյանի կողմից Հայոց պատմությունը նենգախեղված ներկայացնելու դրսևորումները դնենք մի կողմ:

Շատ ավելի կարևոր և բովանդակությամբ՝ չափազանց վտանգավոր հանգամանքներ կան նրա հայտարարության մեջ ու դրա հետ կապված:

Առաջինը՝ թե ովքեր կլինեն քաղաքական ասպարեզում կամ չեն լինի, դա ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ: Նա այս հարցում ունի ընդամենը 1 ձայն, 1 քվե, ինչպես մնացած բոլոր ընտրողները: Այսինքն, այս հարցում նման կատեգորիկ որոշման իրավունք նա չունի:

Ու, ընդհանրապես, դա ժողովուրդն է որոշում՝ ընտրություններով: Եվ այդ ընտրության արդյունքներին համապատասխան էլ պարզվում է, թե որ ուժերն ու գործիչներն են ստանում ավելի շատ ձայներ՝ իշխանություն ձևավորելու համար: Ավելին, եթե անգամ որևէ գործիչ կամ որևէ ուժ չի անցնում խորհրդարան (անցողիկ շեմը չի հաղթահարում), միևնույնն է, ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշել՝ մնա՞ քաղաքականության մեջ, թե՞ չմնա:

Երկրորդ, որն ամենից կարևորն է, եթե ոչ՝ առանցքայինը մեր այս դիտարկման համատեքստում. Նիկոլ Փաշինյանը վաղուց ընդդիմադիր գործիչ չէ, թերթի խմբագիր չէ, հասարակական շարժման նախաձեռնող չէ: Բոլոր այդ կարգավիճակներով նա, իհարկե, հանգիստ կարող էր «քաղաքական կարծիք», «քաղաքական գնահատական» հայտնել (ու ազատորեն հայտնում էլ էր, ի դեպ): Նիկոլ Փաշինյանը, կրկնենք, ցավոք, դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը՝ դրանից ուղղակիորեն բխող հետևություններով ու հետևանքներով: Այսինքն, երբ նա նման հայտարարություն է անում, ապա դա չի կարող ու չի ընկալվում որպես առանձին վերցրած քաղաքական գործիչ Փաշինյան Նիկոլի կարծիք, այլ դա հնչում ու ընկալվում է որպես ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարություն: Ավելին՝ ուղղակի ցուցում, որովհետև, երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը նման բան է հայտարարում, ապա դա դառնում է ուղիղ հրահանգ ընտրական հանձնաժողովներին, գործադիր իշխանության տակ դրված իրավապահ մարմիններին, վարչական մյուս կառույցներին, որոնց համախառն՝ «ռեսուրս» են ասում: Դառնում է հրահանգ, ցուցում, որ ահա այդ նշվածները ամեն ինչ անեն, որպեսզի այս կամ այն ընդդիմադիր գործչին, քաղաքական ուժին չգրանցեն, կամ ամեն կերպ խանգարեն, խոչընդոտեն, կամ պարզապես ընտրակեղծիքներ ու բռնաճնշումներ գործադրեն: Այո, սա ակնհայտ, անսքող ցուցում, հրահանգ է դառնում: Եթե ոչ՝ հանձնարարություն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment