Հրայր Թովմասյանին առնչվող որևէ ապացույց չկա։ Միակ ապացույցը Վերաքննիչ դատարանն անթույլատրելի է ճանաչել և հեռացրել այն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, 2024թ․ սեպտեմբերի 20-ին Հրայր Թովմասյանին մեղավոր է ճանաչելով՝ մեղսագրվող արարքում, բայց ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը ոչ արդարացնող հիմք է համարվում։ Ի դեպ, Հրայր Թովմասյանի գործով դատավճռի հրապարակումից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջխաղացում է ունեցել՝ նշանակվելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել, որոնցով պաշտպանության կողմը արդարացում է պահանջել, մեղադրող կողմը՝ բեկանել վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին դատական ակտը և դատապարտել նրան ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մեսրոպ Մակյանի, Ժենյա Մելիքսեթյանի՝ անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, թեև նախագահող Արմեն Հովհաննիսյանը հատուկ կարծիքով արձանագրել էր, որ առաջին ատյանի դատարանը դատական սխալ է թույլ տվել և գործը պետք է ուղարկվի Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել կողմերի բողոքները, ըստ այդմ, փետրվարի 12-ից դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, ինչի հիմքով Թովմասյանի լիազորությունները դադարել են՝ ՍԴ դատավորի պաշտոնում։
Արամ Օրբելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Վերաքննիչ դատարանը շատ ֆորմալ առումով 2-ը՝ 1-ի ձայներով որոշել է, որ որոշումն իրավաչափ է և օրինական ուժի մեջ է թողել, Վճռաբեկ դատարանն էլ՝ շատ ֆորմալ առումով որոշել է, որ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր չկան, մինչդեռ, բովանդակությունն այն է, որ առաջին ատյանի դատարանն անհասկանալի պայմաններում, բոլորի աչքի առաջ սուպերարագացնում է գործընթացը, ինչից հետո դատավորը տեղափոխվում է Վերաքննիչ դատարան, մեղավոր ճանաչում, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ իբրև փորձում է շտկել առաջին ատյանի դատարանի թերությունը, որովհետև այդ «ապացույցն» ակնհայտորեն խնդրահարույց է։
Մասնավորապես, վկաներից մեկը նշել էր, թե տեսել է Թովմասյանին, ընդ որում՝ ոչինչ չի հիշել, ավելին, քննչական մարմնում մի քանի ցուցմունք էր առկա, որից միայն վերջին ցուցմունքում է ասել, թե տեսել է Թովմասյանին, սակայն նրան դատարան չի ներկայացել, չի հարցաքննվել, հակընդդեմ հարցաքննություն չի իրականացվել։ Վերաքննիչ դատարանն իբրև փորձել է շտկել դա՝ այդ ապացույցը հեռացնելով և ասելով, թե մյուս ապացույցները բավարար են, մինչդեռ, պաշտպանի պնդմամբ՝ որևէ այլ ապացույց չկա։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: