«Ավինյան Տիգրանի պապայի տան կողքի փողոցը աշխարհի լավագույն որակի ասֆալտներից մեկն է, մի հատ չի քանդվել. ո՞նց հասկանանք». Ավագանու անդամ

-Աշխատանք անելու իմիտացիա է փորձում անի Ավինյան Տիգրանը: Բացի այդ՝ Ավինյան Տիգրանը եղանակի տեսություն 2 օր առաջ չի՞ տեսել, որ անձրև է եղել: Ասենք, որ ինքն ասում է՝ հանձնարարել եմ 5 օր առաջ , անձրևի տակ որ քանդեն, ասֆալտ ո՞նց են անելու:

Էդ տրամաբանությամբ էլ ասֆալտ արեցին, որ այսօր քաղաքը դարձավ Գազայի հատվածը, կարծես Իսրայելը ռմբակոծած լինի ,- Aravot.am-ին ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով գործակարգավարական նիստում այսօր փոսալցումների հարցով Տիգրան Ավինյանի զայրույթին:

-Դեմագոգիա է Տիգրան Ավինյանի կողմից, ի՞նչ է նշանակում 5 օր առաջ ասել եմ, չեմ արդարացնում աշխատակիցներին: Բայց մյուս կողմից քաղաքում այնքան շատ փոս կա, որ ուզում է մոտակա 2-3 գործակարգավարական նիստին իրեն ճղի՝ ինչի չեք արել, չեն հասցնի ֆիզիկապես: Անցած տարի, որ նկարում էի՝ փոշու վրա կարկատան եք անում, չեք մաքրում տարածքը, հողի վրա եք անում, բետոն չեք անում, այդ ժամանակ էլ ասում էին՝ նման բան չկա: Փաստը մնում է փաստ, որ իրենց զրոյից վերանորոգված Գայի պողոտան ամբողջությամբ քանդված է, բայց Ավինյան Տիգրանի պապայի տան կողքի փողոցը աշխարհի լավագույն որակի ասֆալտներից մեկն է, մի հատ չի քանդվել. ո՞նց հասկանանք,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով, եթե ասֆալտի սահմանված չափսը օրինակ, պետք է լինի 8 սմ, իրենք անում են 5 սմ. «Հետո ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս: Թող Ավինյան Տիգրանը հավաքի իր փոխքաղաքապետերին ու իրենք իրենց վրա զայրանան, ո՞ւմ վրա են մուննաթ գալիս կամ հավաքեն ՔՊ վարչությանը ու մուննաթ գան իրար վրա, որ գործ անել չգիտեն»:

Արփինե Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment