«Այլասերում է․ չկան հարուցված քրգործեր, օրենսդիրի ղեկավարն այդ կեղտը լցնում է ոչ միայն եկեղեցու, այլև մեզ վրա»․ Ժաննա Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի՝ հոգևորականների՝ մանկապղծության մեջ «թաթախված» լինելու հայտարարության առիթով

«Շատ ավելի վատ բան է, քան զրպարտությունը, որովհետև հեղինակության այսպիսի արատավորումը պարզապես զրպարտություն համարվել չի կարող, շատ ավելի խորը բան է, սա նույնիսկ հանցագործություն պետք է դիտել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օտարերկրյա լրատվամիջոցների հետ զրույցում արված այն հայտարարությանը, որ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 4-5 բարձրաստիճան հոգևորականներ մանկապղծության մեջ են «թաթախված»։

Հետաքրքրվեցինք՝ քանի որ այս հայտարարությունները համարում է հանցագործություն, Ալեն Սիմոնյանի դեմ իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․ «Այո, տեսնում եմ, այդ գործընթացը լավ մտածված պետք է լինի․ առաջին հերթին հենց մեր եկեղեցու անունից պետք է որոշակի միջոցներ ձեռնարկվեն։

Այս պահին կոնկրետ ինչ գործիքների մասին կարող է խոսք գնալ, նպատակահարմար չեմ համարում խոսել, բայց այն, որ պետք է իրավական արձանագրում լինի, գրել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որովհետև այն մեղադրանքը, որ ներկայացվում է, ուղղակի սա այն դեպքն է, որն անարձագանք թողնել որևէ կերպ հնարավոր չէ»։

Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ իր մասնագիտական պրակտիկայում նման նախադեպ տեսե՞լ է, որ պաշտոնյան հոգևորականին այսպիսի մեղադրանք ներկայացնի՝ առանց փաստերի, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Չեմ տեսել, չեմ բացառում, որ եղած լինի, բայց ամեն դեպքում դա ուղղակի նոր Օվերտոնի պատուհան բացելուն ուղղված քայլ է, որ մարդկանց մտքերում մեր հոգևորականներն ասոցացվեն նման այլանդակ բաների հետ։

Հիշեցնեմ, որ նմանաբնույթ մի զրպարտություն էլ կապված էր Արշակ սրբազանի հետ, և երեք օտարերկրյա փորձագետներից ստացված եզրակացության մասին իմ գործընկեր Արսեն Բաբայանը գրել էր, որ դրանք հերքում են իսկությունը։ Նույնը փորձում են այստեղ անել։ Այսինքն՝ խնդիր է դրված մեր եկեղեցին հնարավորինս վարկաբեկել»։

Ռուբեն Մելիքյանն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները կապում է Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի հետ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, եկեղեցին կարող է սկսել իրավական գործընթաց․ «Բայց ի՞նչ հեռանկար․ տեսնում ենք, թե ինչպես են դատավորները ծնկի եկել Նիկոլի առաջ։ Բայց կարծում եմ, միևնույն է, պետք է դա անեն, քանի որ նման հայտարարություն անելն ուղղակի խայտառակություն է»։

Ժաննա Ալեքսանյանը լավատես չէ, թե նման հայտարարությունների համար Ալեն Սիմոնյանին պատասխանատվության կենթարկեն․ «Իրավական գործընթաց չի սկսվի, որովհետև երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, գլխավոր դատախազն ասաց, որ ինքն այդ արարքում հանցակազմ չի տեսնում։

Երբ մարդն անպատժելի է դառնում, իրեն ամեն ինչ թույլ է տալիս։ Ես դատապարտում եմ հոգևորականների մասին այդպիսի հայտարարությունները, նման նողկալի, զարհուրելի մեղադրանք հնչեցնելը՝ ճիշտ է անհասցե, այլասերում է։ Չկան հարուցված քրեական գործեր, չկա որևէ տեղեկություն, դու ինչի՞ վրա ես հիմնվում նման հայտարարություն անելով։ Իշխանություն է, ինչ կեղտ ուզենա, կարող է լցնե՞լ հոգևորականի, եկեղեցու վրա։ Այդ մանկապղծության զահուրելի մեղադրանքը հնչեցնելը ես այլասերություն եմ համարում։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թողտվության մեջ ենք։ Մենք կարո՞ղ ենք նման բան հայտարարել իշխանության, կառավարության անդամների մասին ու անպատիժ մնալ։ Էդքան ցածրորակ, օտար ԶԼՄ-ներին։ Օրենսդիր մարմնի ղեկավարն է ու այդ կեղտը լցնում է ոչ միայն եկեղեցու, այլև մեզ վրա։

Ո՞վ պետք է կանչի նրան պատասխանատվության։ Իրենք բոլորն էլ անպատիժ են և ինչ ուզում, խոսում են։ Ստում են, բայց էս տեսակ մեղադրանքներն ուղղակի զազրելի են։ Մի հայտնի խոսք կա․ ով ինչ խոսում է, իր մասին է խոսում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment