Մեծ ծավալի աղբի կամ հին իրերի դեպքում քաղաքապետարանն առաջարկում է քաղաքացիներին տեղափոխել դրանք ինքնուրույն

Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, թե որտեղ և ինչպես կարող են քաղաքացիները տեղափոխել օգտագործման համար ոչ պիտանի կահույքը, կենցաղային խոշոր իրերն ու շինարարական աղբը, հայտնում է Aysor.am-ը:

«Ի՞նչ անել, երբ բնակարանում վերանորոգում ես անում կամ պարզապես որոշում ես ազատվել հին բազմոցից, ներքնակից, պահարանից ու կենցաղային այլ խոշոր իրերից։ Դրանք աղբամանների կողքին թողնել չի կարելի, սակայն պարզվում է՝ դրանց տեղափոխման հարցում քաղաքացիները հիմնականում իրենք պետք է հոգան խնդիրը»,-ասվում է հրապարակման մեջ:

Լրատվամիջոցը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե ինչ կարգով պետք է քաղաքացիները հանձնեն խոշոր եզրաչափի կենցաղային թափոնները, արդյո՞ք գործում է կամ նախատեսվում է դրանց հավաքման առանձին ծառայություն, և ինչ հնարավորություններ ունեն աղբահանության վճար կատարող քաղաքացիները։

Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ եթե կուտակված շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի ծավալը փոքր է, քաղաքացիները կարող են կապ հաստատել «Դավարս» ՍՊԸ-ի հետ՝ 011-20-20-22 հեռախոսահամարով, և համաձայնեցնել աղբի տեղափոխման ժամկետները։

Իսկ մեծ ծավալի աղբի դեպքում քաղաքապետարանն առաջարկում է քաղաքացիներին այն տեղափոխել ինքնուրույն՝ սեփական միջոցների հաշվին։

Միաժամանակ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքներից, բնակարանների վերանորոգումից, շենքերի վերակառուցումից ու քանդումից առաջացած շինարարական թափոնները, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի խոշոր եզրաչափի կենցաղային իրերը թույլատրվում է տեղափոխել Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղի 4 հասցեին հարող աղբի տեղադրման վայր։

Այն շահագործում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 011-515-595 հեռախոսահամարով։

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ ներկայումս աշխատակազմը ձեռնարկում է անհրաժեշտ աշխատանքներ՝ բարձրացված հարցերը կարգավորելու և բարելավելու ուղղությամբ։

«Այսպիսով, եթե պատրաստվում եք ազատվել հին բազմոցից կամ այլ խոշոր իրերից, աղբամանի կողքին այն թողնելու փոխարեն կարող եք դիմել նշված հեռախոսահամարներով կամ ինքնուրույն կազմակերպել տեղափոխումը»,-ասում է հրապարակման մեջ:

Leave a comment