Հայաստանի արևմտամետ կողմնորոշումն ու ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անխուսափելիորեն կանդրադառնան Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա։ Այս տեսակետը հայտնեց ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում «վերջին դրամատիկ իրադարձությունների» ֆոնին տարածաշրջանում Թուրքիայի դերը զգալիորեն աճել է, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է։
«Թե արդյոք այդ ազդեցությունը կշարունակի նվազել և կհասցվի զրոյի, եթե Հայաստանի ղեկավարությունը երկրի տարածքից ռուսական ռազմաբազան դուրս բերելու պահանջ դնի (իսկ նման կոչեր բազմաթիվ են), ցույց կտա մոտ ապագան»,- նշեց փորձագետը։
Կռիլովի կարծիքով՝ Հարավային Կովկասում ռուսական ներկայության հեռանկարների մասին հնարավոր կլինի դատել Մոսկվա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք առաջիկա այցի արդյունքներով։ Բանակցությունների արդյունքներից մեծապես կախված կլինեն Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի հետագա զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքականությունը հարավկովկասյան ուղղությամբ։
Փորձագետի կարծիքով` Հարավային Կովկասը բեկումնային փուլում է, որի հետևանքներն ակնհայտ կդառնան արդեն մոտ ապագայում։
«Մենք դրամատիկ իրադարձությունների ականատես ենք դառնում, և Հարավային Կովկասն այժմ երկատման կետում է»,- եզրափակեց Կռիլովը։
Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։