«Պայմանագրաունակ». այս բառը նշանակում է պայմանավորվելու, համաձայնության գալու և ստանձնած պարտավորությունները կատարելու ունակ։
Եզրույթը հիմնականում կիրառվում է դիվանագիտության, քաղաքականության և գործարարության մեջ՝ բնութագրելու այն կողմին, որի հետ հնարավոր է բանակցել և վստահ լինել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն։ Այսինքն՝ նկարագրում է բանակցող կողմի հուսալիությունը, բանակցելու պատրաստակամությունը և կանխատեսելիությունը, երբ գործընկերոջ քայլերը հասկանալի են, և նա երբեք չի հրաժարվում իր խոսքից առանց լուրջ հիմքերի։
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում որքանո՞վ է պայմանագրաունակ պետություն համարվում Ադրբեջանը։ Այսպիսի հարց է ուղղել օրերս իր հաղորդման շրջանակում Պետրոս Ղազարյանը ներկայիս ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին։ Նա հետաքրքրվել է՝ պայմանագրաունա՞կ է արդյոք Ադրբեջանը, քանի որ իր պնդմամբ՝ Ադրբեջանը բազմիցս խախտել է նախնական պայմանավորվածություններն ու պայմանագրերը. «Մենք բազմիցս տեսել ենք, որ Ադրբեջանը պայմանագրաունակ չի եղել, անգամ կարող եմ դեպքերը թվարկել»,- նշել է Պետրոս Ղազարյանը։
Ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն իր հերթին է հարցադրում արել՝ իսկ մենք պայմանագրաունակ մշտապես եղե՞լ ենք, մենք գիտե՞նք՝ կողքից և իրենց ընկալմամբ ինչ ձևի ենք եղել։ Այնուհետև Սիմոնյանն արդարացրել է Ադրբեջանին, թե խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները՝ մասնավորապես սահմանազատման ու սահմանագծման գործընթացներում, Բաքուն կատարել է պարտաճանաչորեն։ Ստացվում է, որ ԱԽ քարտուղարը վստահ չէ հայկական կողմի՝ այսինքն՝ իրենց պարտավորվածություններ ստանձնելու և դրանք ըստ խոստումի կատարելու ունակություններին և կասկածում է, որ Հայաստանը կարող է ինչ-որ երկրի դիրքորոշումից պայմանագրաունակ չհամարվել։
Այն, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները՝ իրենց գլխավորի ղեկավարությամբ, անվստահելի ու խոստումներ, սկզբունքներ դրժողներ են, նրանց կառավարման տարիներին բոլորս ենք համոզվել։ Թեև դա կանխատեսելի էր դեռ այսպես կոչված հեղափոխական օրերից անմիջապես հետո, երբ հեղափոխության ժամանակ հնչեցրած բոլոր խոստումներն իրականացվեցին հակառակ տրամաբանությամբ։ Միայն տեսախցիկների ու արագաչափերի օրինակը բավարար է դա հիշեցնելու համար։
Եվ այս առումով Ալեն Սիմոնյանն այնքան էլ չի վրիպել իր ձևակերպումներում, միայն թե պետք է նշեր, որ իրենք ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև հենց հայ ժողովրդի աչքում են ոչ պայմանագրաունակ ու անվստահելի, անկանխատեսելի, իրենք իրենց ասածները հերքող, դրժող իշխանություն, որոնց համար Արցախը մեկ հայրենիք է, մեկ էլ՝ Ադրբեջանի անքակտելի մաս, որոնց համար Ռուսաստանը մեկ վստահելի ու ցանկալի գործընկեր է, մեկ՝ Հայաստանում լրտեսներ բուծող ու Հայաստանի ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող բռնապետ։ Արդյո՞ք այս իշխանությունները նման անկանխատեսելի ու անհավատարիմ գործընկեր դուրս չեկան նաև Ռուսաստանի համար՝ հիմա էլ փորձելով նետվել Եվրամիության գիրկը։
Ու Ալիևը միանշանակ գնահատել է ՀՀ իշխանավորների այդ անկայուն բնավորությունը և համապատասխան հետևություններ արել, այդ պատճառով էլ նրանք գրավոր պայմանավորվածություններում այլ ձեռագրով են շարժվում, իսկ գործնականում՝ բոլորովին այլ՝ շարունակելով ամրապնդվել ՀՀ ինքնիշխան տարածքներում։ Հետաքրքիր է՝ ալիևյան այս նենգությո՞ւնը նկատի ունի Ալեն Սիմոնյանը՝ ասելով, թե ադրբեջանական կողմը սահմանազատման գործընթացքում պահում է բոլոր պայմանավորվածությունները։ Այդ դեպքում ի՞նչ են անում նրանք, օրինակ, Ջերմուկի, Սև լճի տարածքում, որոնք անգամ այս իշխանությունները Հայաստանի ինքնիշխան տարածք են համարում և չեն հանդգնում հայտարարել, թե դրանք պատմական ադրբեջանական հողեր են, ու փորձում են նաև այդ օկուպացիայի համար արդարացնել իրենց կառուցողական գործընկերներին։
Եթե սահմանազատումը հստակ տարածքային տարանջատում է նախատեսում, ապա ինչո՞ւ այդ հարցում, և ոչ միայն Ջերմուկի, Սև լճի տարածքում, Ադրբեջանն այդքան հետևողական չէ ու իր զորքը հետ չի քաշում մեզ պատկանող հողերից։
Ստացվում է, որ երկու ոչ պայմանագրաունակ իշխանությունները՝ մեկը Հայաստանինը, մյուսը՝ Ադրբեջանինը, այսօր վերափոխում, վերաձևում են մեր Սահմանադրությունը, հայ ժողովրդի ուղեգիծը փոխելու փորձեր են անում մի բանի համար՝ խաղաղության պայմանագիր կնքելու, որի դրույթների իրականացման ու հավատարմորեն պահպանելու համար որևէ կողմ երաշխիքներ չի կարող տալ, որովհետև ոչ ՀՀ իշխանությունները, ոչ Բաքվի բռնապետը պայմանագրաունակ չեն։ Ու նաև Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը դեռևս հարատև խաղաղության երաշխիք չէ, ինչի մասին մի քանի անգամ ասել է նաև հենց Նիկոլ Փաշինյանը։ Մի անհուսալի թղթի կտորի համար այսօր Փաշինյանը փաստորեն շանտաժ է անում հայ ժողովրդին, թե եթե իմ ասածները չանեք, պատերազմ կլինի։
Թագուհի Ասլանյան