Ի՞նչ նկատի ունի Մարիա Զախարովան՝ ասելով, որ ԹՐԻՓՓ-ը չեղարկվելու է

Մոսկվայի համար սկզբունքային է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ժամանակ հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը։ Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԹՐԻՓՓ-ի հասցեին արդեն իսկ քննադատություն է հնչում, մասնավորապես՝ Իրանի կողմից, որը հայտարարում է իր հյուսիսային սահմանին ամերիկյան ուժային բաղադրիչի ցանկացած ֆիզիկական ներկայության անընդունելիության մասին։

 

«Այս նախագիծը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում։ Հակառակ դեպքում այդ տրանսպորտային-լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման»,- հավելել է Զախարովան՝ նկատելով, որ հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, քանի որ մինչ օրս հրապարակված չեն ծրագրի թիրախային ցուցանիշները, շինարարության պարամետրերն ու ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման պայմանները։

 

Մարիա Զախարովան միաժամանակ հիշեցրել է, որ ԹՐԻՓՓ-ն, ըստ էության, շատ առումներով կրկնօրինակում է այն, ինչ մշակվել էր նախորդ տարիներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող տրանսպորտային-տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Բայց այն ժամանակ խոսքը ոչ միայն Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տարանցման կազմակերպման մասին էր, այլ նաև Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելքով Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի լիարժեք ապաշրջափակման։ Սակայն 2023 թվականին Երևանը սառեցրել է իր մասնակցությունն այդ ձևաչափում, փոխարենը 2025 թվականին ի հայտ է եկել ԹՐԻՓՓ ծրագիրը։

 

Օրերս Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարեցին ԹՐԻՓՓ նախագծի գործնական մեկնարկի մասին, որից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեց, որ Թեհրանը չի հիմնվելու միայն «Թրամփի ուղու» վերաբերյալ Հայաստանի հավաստիացումների վրա և մտադիր չէ բավարարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման վերաբերյալ բացառապես հայկական կողմի հավաստիացումներով, ուստի շարունակելու է ուշադիր հետևել դրա ընթացքին, իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան միջոցներ։

 

Նա նշել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ. Իրանը կողմ է Հարավային Կովկասում տնտեսական կապերի զարգացմանն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն պարտադիր է համարում հաշվի առնել հարևան և տարածաշրջանային պետությունների շահերը և թույլ չտալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության փոփոխություն։

 

Բաղայիի խոսքով՝ առանձնահատուկ կարևորություն ունի երրորդ երկրների և ուժերի միջամտության կանխումը, որոնց ներկայությունը կարող է սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, ապակայունացնել իրավիճակը և բացասաբար ազդել Իրանի ու տարածաշրջանի պետությունների բարիդրացիական հարաբերությունների վրա։

 

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի կարծիքով՝ Մարիա Զախարովայի միջոցով հնչեցրած հայտարարությունը խոսում է այն մասին, որ Մոսկվայում լուրջ մտահոգություններ կան ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ այն առումով, որ չեն հավատում, թե այն զուտ տնտեսական ծրագիր է և չի օգտագործվելու մասնավորապես Ռուսաստանի անվտանգության դեմ ոտնձգություններ իրականացնելու համար։

«Եթե Մարիա Զախարովան ասում է, որ նախագիծը չպետք է բաժանարար գծեր ստեղծի, որ դրա իրականացման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև Ռուսաստանի, Իրանի շահերը, ուրեմն Ռուսաստանում հստակ գիտեն, որ նախագծի նպատակն այդ բաժանարար գծերի ստեղծումն է ու Ռուսաստանի, Իրանի շահերի ոտնահարումը։ Այն, որ նա չի ասում, թե ԹՐԻՓՓ նախագիծը նաև Ռուսաստանի շահերից է բխում կամ Ռուսաստանն այն դրական է գնահատում, նշանակում է, որ իրենք հստակ տեղեկություններ ու վստահություն ունեն նախագծի նպատակների մասին, որ այն վնասելու է Ռուսաստանի, Իրանի շահերին և խնդիրներ է ստեղծելու տարածաշրջանում։ Այլապես նման հայտարարություններ Մոսկվայից չէին հնչի։ Եթե այդ ճանապարհներն օգտագործվելու են որպես ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների մի մաս՝ զենք-զինամթերք տեղափոխելու համար ընդդեմ տարածաշրջանի երկրների, պարզ է, որ դա Ռուսաստանի, Իրանի դեմ է օգտագործվելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

 

Նրա համոզմամբ՝ ԹՐԻՓՓ-ի վերջնական ճակատագիրը կլուծվի Պուտին-Թրամփ բանակցությունների ժամանակ՝ Ուկրաինայի հարցով, որի ընթացքում ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիրներ են քննարկվելու և լուծվելու, ինչպես նաև՝ ողջ անվտանգության համակարգի ճակատագիրը։ Մասնավորապես, խոսքը մեր տարածաշրջանում ԱՄՆ ներկայության բացառման և Ռուսաստանի ունեցած դերի ու ազդեցության վերականգնման մասին է։

 

«Եթե նախագիծը Ռուսաստանի շահերի դեմ է, ուրեմն այն չի իրականանալու, և դա լինելու է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների արդյունքում, իսկ քննարկման առարկա է դառնալու նաև ողջ հետխորհրդային տարածքը, այդ թվում՝ Հարավային Կովկասը։ Հետևաբար բոլոր այն նախագծերը, որոնց իրականացման ժամանակ նաև Ռուսաստանի շահերը հաշվի չեն առնվի, այսինքն՝ եթե Ռուսաստանի հետ փոխզիջման արդյունքում չեն ստեղծվել այդ ծրագրերը կամ Ռուսաստանի մասնակցությամբ, և Ռուսաստանն անտեսվել է դրանցում, Մոսկվան ԱՄՆ-ին պարտադրելու է, որ բոլոր այդ նախագծերը չիրականանան։ Եվ այդ պայմանավորվածությունների շրջանակում ԹՐԻՓՓ-ն էլ է չեղարկվելու»։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment