Կոտայքի մարզում ոստիկանի ձեռքերից բռնել են և 500 մետր քարշ տվել ավտոմեքենայով

Բաժանորդագրվել

Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում թմրանյութի իրացման մեջ կասկածվող տղամարդիկ բռնել են համայնքային ոստիկանի ձեռքերից և 500 մետր քարշ տվել ավտոմեքենայով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Ջրվեժ գյուղի 50 և 51 փողոցներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով թմրամիջոցներ են տեղադրում։

Համայնքային ոստիկանները գործողություն են իրականացրել, որի ժամանակ Ջրվեժի 51-րդ փողոցում նկատել են նշված ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը իջել է մեքենայից, ինչ-որ բան տեղադրել փողոցին կից պարսպի տակ, այնուհետև հեռախոսով լուսանկարել նշված վայրը։ Ոստիկաններն ավտոմեքենայով փակել են ճանապարհը, ներկայացել որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել վարորդից ու ուղևորից իջնել մեքենայից, սակայն «Մերսեդեսի» վարորդը սկսել է մեծ արագությամբ հետընթաց կատարել և բախվել է օգնության հասած` Գառնիի բաժնի հերթապահ մասի վարորդի՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սևադա Հ.-ի ավտոմեքենային։

Կայքի տեղեկություններով՝ Սևադա Հ.-ն իջել է ավտոմեքենայից և փորձել կանգնեցնել վերջիններիս, սակայն «Մերսեդեսի» վարորդն ու ուղևորը բռնել են նրա ձեռքերից և ավտոմեքենայով շուրջ 500 մետր քարշ տվել, ապա բաց թողել, ինչի հետևանքով ոստիկանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Leave a comment