Պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան Գերմանիայի արտգործնախարարի կոչի մասին

Համապատասխան հայտարարությունները նույնպես նորություն չեն։ Դրանք համահունչ են Եվրամիության ապակառուցողական գործողություններին, որը ձգտում է Հարավային Կովկասում առաջ տանել իր այդ նարատիվները և դա Կովկասում անում է ոչ թե հանուն կառուցողական աշխատանքի։ Դրա մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսպես է նա մեկնաբանել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունները՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ընթացքում։

Զախարովայի գնահատմամբ՝ նման գործողությունները ձեռնարկվում են Ռուսաստանին դուրս մղելու և լարվածության նոր օջախներ ստեղծելու նպատակով։

«Ի տարբերություն Արևմուտքի՝ մեր երկիրը շահագրգռված չէ ճգնաժամերով։ Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության օգտին։ Հիշեցնեմ՝ հենց Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը թույլ տվեց 2020 թվականին դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և մշակել հայ-ադրբեջանական կարգավորման «ճանապարհային քարտեզը»։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ նրանց անմիջական հարևանները, մենք հավատարիմ ենք տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքին։ Այս մոտեցումն առանցքային է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության համար։ Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այն այժմ ակտիվացվելու է։ Հաջորդ փուլի մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք։ Իսկ տվյալ դեպքում գերմանացի պաշտոնյայի դատողությունները Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ պարզապես անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին։ Նման որոշումները հայ ժողովուրդը, առհասարակ, պետք է ընդունի ինքնուրույն՝ առանց չպահանջված հուշումների։ Կներեք, բայց առավել ևս Գերմանիային դա ընդհանրապես որևէ կերպ չի վերաբերում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նոյեմբերի կեսերին Հայաստան և Ադրբեջան կատարած այցից հետո Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Tagesschau հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը կամ ընդունի նորը՝ նախքան Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

NEWS.am

Leave a comment