«Անկախ ամեն ինչից, «Կառուցող» դաշինքը մասնակցելու է ընտրություններին»․ Գայանե Պապոյան

«Անկախ ամեն ինչից, «Կառուցող» դաշինքը, որը գլխավորում է Դավիթ Համբարձումյանը` մասնակցելու է Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը։

Հետաքրքրվել էինք՝ քանի որ նաեւ փաստաբաններն են ահազանգում՝ Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական նախադրյալներ ունի, հաշվի առե՞լ են հնարավոր սցենարները, մանավանդ, որ Ստեփանավանի տխրահռչակ նախադեպը կա։

«Բնականոն գործունեությունը չի խաթարվելու ամեն ինչ շարունակվելու է, ջանք ու եռանդ չի խնայվելու, օրենքի սահմաններում, որպեսզի Մասիսի բնակիչները հնարավորություն ունենան իրենց ձայնը, իրենց քվեն տան իրենց սիրելի համայնքի ղեկավարին: Իրավական ընթացակարգերի հետ կապված մենք այս պահին իրականացնում ենք այն ամենը ինչը որ օրենքի սահմաններում հնարավոր է իրականացնել»,- ասաց Գայանե Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Կառուցող» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, Մասիսի գործող համայնքապետ Նորայր Հակոբյանի հետ կապված խնդիրներ կա՞ն։ Գայանե Պապոյանն ասաց՝ այս պահին ոչ եւ հումորով հավելեց՝ դրա համար դեռ երկու շաբաթ ժամանակ կա։

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ Դավիթ Համբարձումյանի հնարավոր կալանավորման դեպքում հնարավո՞ր է Մասիսում ընտրությունները տապալվեն։ Հիշեցնենք, նման նախադեպ եղել էր Գեղարքունիքում, Ծովագյուղում, երբ համայնքի խոշորացման հանրաքվեի ժամանակ ողջ գյուղը, անգամ հանձնաժողովի նախագահը, չէին գնացել ընտրատեղամաս։

«Այդ մասով կանխատեսումներից զերծ կմնամ, չեմ կարող այս պահին այդ մասով կանխատեսումներ կատարել, ամեն դեպքում Մասիսում սիրում են պարոն Համբարձումյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment