Պետությունը պետք է աստիճանաբար ստանձնի պետական սահմանի պահպանության ողջ պատասխանատվությունը։ Այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո կայացած ավանդական ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողները նրանից, մասնավորապես, հետաքրքրվել են՝ կա՞ արդյոք հստակ ծրագիր, թե պետական սահմանի որ հատվածներում են ռուս սահմանապահներին փոխարինելու հայ սահմանապահները։
«Մենք շնորհակալ ենք ռուս սահմանապահներին, որ այս բոլոր տարիներին կանգնած են եղել մեր սահմաններին։ Բայց կարծում եմ՝ առաջիկա տարիներին մենք պետք է ամբողջությամբ ստանձնենք պետական սահմանների պահպանության պատասխանատվությունը», – պատասխանել է Փաշինյանը։