Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին, որոնցում վերջինս քննադատել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու քաղաքականությունը։
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Գրիգորյանն արտահայտում է իր անձնական դիրքորոշումը, թե՞ իշխանությունները նրա միջոցով փորձում են ազդակներ փոխանցել արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության մասին։
Փաշինյանը նշել է, որ չի տեսել Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, սակայն, եթե վերջինիս խոսքում իսկապես քամահրանք է եղել, ցավում է դրա համար։ Միևնույն ժամանակ վարչապետը տարօրինակ է համարել Գրիգորյանի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ եթե նա նման սկզբունքային անհամաձայնություն ուներ, ապա պետք է հրաժարական տար այն ժամանակ, երբ ընդունվել է համապատասխան օրենքը։
«Ես եմ որոշում կայացրել, որ պարոն Գրիգորյանն այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպիտի աշխատի։ Եվ, իհարկե, ես իրեն ուրիշ աշխատանք առաջարկել եմ, ինչպես ասել եմ, ինքը հրաժարվել է։ Բայց եթե հարցը այդպես սկզբունքային սրում ենք, ուրեմն այն ժամանակ, երբ օրենքն ընդունվեց, ինքը պետք է հրաժարական տար։ Առնվազն ինքը հրաժարական չի տվել ո՛չ այն ժամանակ, ո՛չ ընտրություններից հետո, և այդ դիրքորոշումները տարօրինակ են»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը հերքել է նաև այն ենթադրությունը, թե իշխանություններն Արմեն Գրիգորյանի միջոցով են արտահայտում իրենց դիրքորոշումները՝ նշելով, որ դրա համար ինքը պարբերաբար ճեպազրույցներ է անցկացնում, ելույթներ ունենում և հրապարակային հայտարարություններ անում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան