Գազելները վերացան, բայց կայուն տրանսպորտ ստեղծվե՞ց․ Երևանի տրանսպորտային բարեփոխումների իրական պատկերը

«Երևանից «հուսահատության գազելները» վերացել են, ինչպես խոստացել էի»,- նախորդ տարի հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի փոփոխություններին։

Իսկապես, Երևանի փողոցներում նախկին միկրոավտոբուսներին փոխարինելու են եկել նոր ավտոբուսները, թարմացվել է տրանսպորտային պարկը, ներդրվել է միասնական վճարային համակարգը։ Սակայն արդյո՞ք այս փոփոխությունները բավարար են կայուն և ժամանակակից տրանսպորտային համակարգ ունենալու համար։

 

Նոյեմբերի 26-ին նշվում է Կայուն տրանսպորտի համաշխարհային օրը, ինչը ևս մեկ առիթ է վերանայելու ոչ միայն տրանսպորտային բարեփոխումների ձեռքբերումները, այլ նաև այն խնդիրները, որոնց քաղաքացիներն ամեն օր բախվում են։ Կայուն տրանսպորտը միայն հին միկրոավտոբուսները նոր ավտոբուսներով փոխարինելը չէ։ Այն ենթադրում է անվտանգ, մատչելի, հասանելի և էկոլոգիապես մաքուր տեղաշարժի հնարավորություն։ Իսկ դրա կարևոր պայմաններից մեկը հասարակական տրանսպորտի կանոնավոր և հուսալի աշխատանքն է։ Երևանում, սակայն, քաղաքացիները դեռ շարունակում են կանգառներում երկար սպասել ավտոբուսներին։ Հատկապես պիկ ժամերին գերծանրաբեռնվածությունը, երթուղիների սպասարկման հաճախականությունը և տրանսպորտի հասանելիությունը շարունակում են մնալ մտահոգիչ։

 

Այսպիսով՝ Երևանի տրանսպորտային բարեփոխումները պետք է գնահատել ոչ միայն նոր ավտոբուսների քանակով կամ նախկին գազելների բացակայությամբ, այլ նաև նրանով, թե որքան ժամանակ է քաղաքացին անցկացնում կանգառում, որքանով է անվտանգ ու հարմար նրա ճանապարհը և որքանով է հասարակական տրանսպորտը դառնում անձնական մեքենային իրական այլընտրանք։

 

Գազելների վերացումը կարող է լինել փոփոխությունների կարևոր փուլ, բայց կայուն տրանսպորտի ստեղծումը շատ ավելի լայն գործընթաց է։ Դրա վերջնական արդյունքը պետք է զգա ոչ թե միայն վիճակագրությունը, այլ նաև յուրաքանչյուր ուղևոր՝ իր ամենօրյա ճանապարհին։

 

Տրանսպորտային այլընտրանքների շարքում քննարկման առարկա է դարձել նաև ճոպանուղու կառուցման հնարավորությունը։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Երևանի քաղաքապետարանում քննարկվում է մայրաքաղաքի կենտրոնը

Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման հարցը՝ տրանսպորտային խցանումները նվազեցնելու նպատակով։ Սակայն այս տեղեկությունը մինչ օրս պաշտոնապես չի հաստատվել կամ հերքվել։

Leave a comment