Հասարակություն
26.11.2026 | 14:28
ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների՝ սևազգեստ մայրերի բողոքի ակցիայի ընթացքում։ Որդիների լուսանկարներով ու պաստառներով շենքի մոտ հավաքված ծնողները փորձել են ինքնակամ մտնել կառավարության շենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու և իրենց հարցերը բարձրաձայնելու համար, սակայն ոստիկանները պատնեշ են կազմել և թույլ չեն տվել ներս մտնել, ինչի հետևանքով առաջացել է քաշքշուկ։
Ակցիայի մասնակիցները վրդովմունք են հայտնել, որ տարիներ շարունակ ամեն հինգշաբթի կանգնում են կառավարության շենքի դիմաց և արդարություն պահանջում, սակայն ո՛չ վարչապետը, ո՛չ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չեն ընդունում իրենց և չեն արձագանքում բազմաթիվ դիմումներին։
«Ա՛յ Փաշինյան, քո համար կանգնել եմ, քո համար քայլել եմ։ Հրաժարական տուր, էս ի՞նչ ստախոս ես։ Խաբեցի՞ր մեզ։ Այդ օրերին, որ ես քայլելով Հոկտեմբերյանից գալիս էի Հանրապետության հրապարակ, որ դու այսօր գաս մեր երեխեքի ճակատագրով խաղա՞ս»,- վրդովված հայտարարել է զոհված զինծառայողներից մեկի մայրը։
Մյուս ծնողները ևս հայտարարել են, որ թեև քննությամբ ապացուցվել է, որ իրենց երեխաների մահվան գործերը չեն համապատասխանում պաշտոնական վարկածներին և կատարվել է սպանություն, սակայն ութ տարի շարունակ գործերը չեն վերաորակվում, իսկ նախկին քննիչներն ու դատախազները, իրենց պնդմամբ, շարունակում են պաշտոնավարել և նույնիսկ ավելի բարձր պաշտոններ են ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան