Սահմանադրության նախագիծը լրամշակման բազմաթիվ փուլեր է անցել, այդ թվում նաև մշակվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակներում, խորհրդում ներառված են հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման համակարգի մարմինների, ՄԻՊ–ի ներկայացուցիչները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով մեղադրանքին, որ նախագիծը մշակվել է առանց մասնագիտական լայն շրջանակների հետ քննարկելու։
«Փաստացի խորհուրդը քննարկել է, ներկայացրել է և ի վերջո արդարադատության նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման Սահմանադրության նախագիծը։ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումը բացելու է հարթակ նոր քննարկումների, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ներկայացնել առաջարկներ։ Ինչպես գիտեք, Սահմանադրության նախագիծի հրապարակման համար մենք առանձնացրել ենք նաև առանձին կայք, որտեղ հնարավորություն ունի յուրաքանչյուր քաղաքացի ծանոթանալու սահմանադրության տեքստին, ներկայացնելու առաջարկություններ և առաջարկությունները հաշվի կառնեն սահմանադրության տեքստի հաջորդիվ խմբագրումներին»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ իրենք ներգրավված չեն եղել սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներին, փոխնախարարն ասաց. «Դատավորների միությունը հասարակական կազմակերպություն է և իր կողմից իրականացվող գործունեության շրջանակներում ևս կարող է ներկայացնել առաջարկներ սահմանադրական բարեփոխումների նոր փոփոխությունների վերաբերյալ»։
Նա հավաստիացրեց, որ նոր սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգ է. «Մենք որևէ կերպ չենք կարող մեկնաբանել այլ պետությունների կողմից մեր Սահմանադրության վերաբերյալ տրված դիտարկումները, բայց խոսքը փաստացի այն մասին է, որ Սահմանադրության տեքստը մշակվել է այն հիմնավորմամբ, ինչ հիմնավորմամբ, որ ներկայացվել է քննարկման, այսինքն 2018 թվականից հետո արդեն իսկ դրվել է խնդիր՝ ունենալու նոր սահմանադրություն, որը կկարողանա բալանսավորել իշխանության թևերը, կկարողանա ապահովել, որ վարչապետի իշխանությունը լինի փաստացի այն իշխանությունը, որը հեղափոխությունից հետո պիտի կարողանար ապահովել»։