Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է

Քաղաքականություն

25.11.2026 | 16:37

Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումն անընդունելի է Ռուսաստանի համար։

«Դա մի բան է, որը բացարձակապես անթույլատրելի և անընդունելի է ռուսական կողմի համար։ Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը։ Այս մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ նախագահ Պուտինի կողմից»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը, որն առաջարկել էր ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել Ուկրաինա։

«Մենք ճանաչում ենք Բորիս Ջոնսոնին և գիտենք նրա ապակառուցողական դերի մասին։ Դա այն մարդն է, որը 2022 թվականին խոչընդոտեց Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավորությանը և, մեղմ ասած, մինչ օրս պահպանում է խաղաղությունից հեռու իր դիրքորոշումը»,- ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանում տեղյակ են, որ «ցավոք, եվրոպական մայրաքաղաքներից և Բրյուսելից բազմիցս հնչել են Ուկրաինայի տարածքում ռազմական զորակազմեր տեղակայելու ծրագրերի մասին հայտարարություններ»։

«Կրկին կարող եմ ասել՝ դա բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ջոնսոնը Sky News-ին տված հարցազրույցում հանդես է եկել Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման օգտին՝ դեռևս հրադադարի համաձայնության հասնելուց առաջ։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն անհամեմատ ավելի մեծ ռազմական հզորություն ունի, քան Ռուսաստանը։ Նրա խոսքով՝ արևմտյան զորքերը կարող էին տեղակայվել «ռազմաճակատի գծից շատ մղոններ հեռու»՝ անվտանգ շրջաններում զբաղվելով դիրքերի ամրապնդմամբ և լոգիստիկայի ապահովմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment