Բժիշկը զգուշացրել է գարեջրի և թունդ ոգելից խմիչքների կործանարար ազդեցության մասին

Թե՛ գարեջուրը, թե՛ թունդ ոգելից խմիչքները վտանգ են ներկայացնում ոչ միայն լյարդի, այլև երիկամների համար․ գրել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան իր տելեգրամյան ալիքում։

Ըստ Պավլովայի՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ թունդ ալկոհոլի օգտագործումը 40 տոկոսով մեծացնում է երիկամների սուր վնասվածքի ռիսկը, իսկ գարեջրի դեպքում այդ ցուցանիշը 24 տոկոս է։

Գինու պարագայում նման կապ չի հայտնաբերվել, սակայն բժիշկն ընդգծում է, որ դա չի ապացուցում գինու անվտանգ կամ օգտակար լինելը։ «Անկախ խմիչքի տեսակից՝ ռիսկը կտրուկ աճում է, եթե մարդը շաբաթական 14 չափաբաժնից ավելի է օգտագործում. սա մոտավորապես հավասար է 2,5 լիտր գարեջրի կամ երկու-երեք շիշ գինու»,- պարզաբանել է Պավլովան։

Էնդոկրինոլոգը նշել է, որ նախկինում կարծում էին, թե ալկոհոլը նախ վնասում է լյարդը, ինչն էլ հետագայում հանգեցնում է երիկամային անբավարարության։ Սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ ալկոհոլը կարող է ինքնուրույն բորբոքային գործընթացներ հրահրել երիկամային հյուսվածքներում։ «Նենգությունն այն է, որ երիկամները «լուռ» են մնում մինչև վերջին պահը։ Գործառույթների խանգարման առաջին նշանները հնարավոր է հայտնաբերել միայն բժշկական հետազոտությունների միջոցով», — զգուշացրել է բժիշկը։

Leave a comment