Ընդդիմության գլխավոր նպատակը ՀՀ-ն կոնֆլիկտի մեջ պահելն է, որպեսզի իրենց հովանավորը կարողանա տարածաշրջանում ոտքի տեղ ունենալ. Առաքելյան

Ընդդիմության գլխավոր նպատակը ՀՀ-ն կոնֆլիկտի մեջ պահելն է, որպեսզի իրենց հովանավորը կարողանա տարածաշրջանում ոտքի տեղ ունենալ. Առաքելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մինչև Սահմանադրության նախագծի հրապարակումն ընդդիմությունը հայտարարում էր, որ դեմ է քվերակելու Սահմանադրությանը, սա նշանակում է, որ այս մարդիկ ի սկզբանե ունեցել են կոնկրետ դիրքորոշում, սա էլ իր հերթին նշանակում է, որ այս մարդկանց ինչ-որ տեղերից ասվել է, որ անկախ նրանից՝ այդ Սահմանադրությունը համապատասխանում է ՀՀ ազգային պետական շահերին, պետք է դեմ արտահայտվեք»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:

Ըստ Առաքելյանի՝ հայաստանյան ընդդիմությունը կառավարվում է այլ ուժերի կողմից և սաբոտաժի է ենթարկում ՀՀ ազգային-պետական շահերը սպասարկող ցանկացած նախաձեռնություն. «Այս շրջանակները ցանկացած նախաձեռնություն փորձում են կապել Ադրբեջանի ու Ալիևի հետ և մեր քաղաքացիներին վախեցնել Ադրբեջանով ու Ալիևով: Ընդդիմության հիմնական խոսույթն էր, որ ընտրություններից հետո գալու են 300 հազար ադրբեջանցիներ, ընտրություններն ավարտվեցին ու մենք տեսանք, որ ոչ մի ադրբեջանցի էլ Հայաստան չեկավ, ասում էին՝ Տավուշը, Սյունիքը կհանձնեն, միջանցք կտան, բայց ընդդիմության ադրբեջանական խոսույթից որևէ բան տեղի չունեցավ և հետևաբար սա էլ ընդդիմության հերթական ադրբեջանական վախերով փաթեթավորված նարատիվներն են, որոնցով փորձում են մեր հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել, սրանք ևս դրսից կազմված թեզեր են»:

Խոսելով «Անկախության հռչակագրի» հետ կապված ընդդիմության հայտարարությունների մասին՝ պատգամավորը նշեց. ««Անկախության հռչակագիր»-ը ոչ ոք չի չեղարկում, ինչպես դա եղել է պատմաքաղաքական փաստաթուղթ, այնպես էլ մնալու է այդպիսին: Առաջարկվող տարբերակում հստակ դրույթներ կան, որոնք ամրագրում են, որ օրինակ՝ Հայաստանի պետականության, ինքնիշխանության զիջման կամ կորստի քարոզների հետ կապված կա արգելք, այսինքն՝ ոչ ոք այլևս չի կարող քարոզել, որ մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, կամ ինչպես իրենք են ասում՝ նվազեցնել անկախության մակարդակը: Ինչպես են պատկերացնում Ալի՞ևն է ասել, որ ՀՀ-ում քրեական պատասխանատվության ենթարկեն այն մարդկանց, ովքեր ինքնիշխանությունը կնվազեցնեն, թե կարող է իրենք են վախենում, որ նման պարագայում իրենք կարող է քրեական պատասխանատվության ենթարկվեն, քանի որ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնողներն իրենց առաջնորդներն են: Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում է՝ պետք է մտածենք՝ ՀՀ-ն անկախ լինելու պոտենցիալ ունի, թե՝ ոչ, կամ Դաշնակցության «004» շրջաբերականը, կամ Սամվել Կարապետյանը, որ ասում է՝ պետք է ռուսերենը Հայաստանում պաշտոնական լեզու հռչակենք, հիմա ո՞վ է ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն իրականացնում՝ Ալիևը՞, թե՞ իրենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու պրոցեսին և ապահովել իշխող ուժին խորհրդարանում չբավարարող 6 ձայները՝ փոխարենը խոստանալով ժողովրդի կողմից Սահմանադրության նախագիծը մերժելու դեպքում հրաժարական տալ, իսկ ընդունելուց հետո հաջորդ ընտրություններում չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու, սակայն ընդդիմությունն այս առաջարկը մերժել էր: Առաքելյանի կարծիքով՝ Հայաստանի ընդդիմությանն օրակարգեր թելադրում են դրսից. «Եթե ընդդիմության ներսում լիներ մեկ գրոշի քաղաքական մտածելակերպ, այդ առաջարկն իրենք պետք է անեին իշխանությանը, բայց քանի որ իրենք ապաքաղաքական են և կառավարվում են դրսից, ինչ ասեն՝ իրենք կանեն, իրենք իրենց գլխի տերը չեն: Նրանց նպատակներից մեկը ներկայիս իշխանությանը հեռացնելն է, բայց իրենց գլխավոր նպատակը Հայաստանը կոնֆլիկտի մեջ պահելն է, որպեսզի իրենց աշխարհաքաղաքական հովանավորը կարողանա տարածաշրջանում ոտքի տեղ ունենալ: Այս Սահմանադրությունը ոչ միայն ուղղված է մեր երկրում ավելի ժողովրդավարական քաղաքական համակարգ հաստատելուն, այլև՝ խաղաղության վերջնական ինստիտուցիոնալացմանը, իսկ դա իրենք չեն ուզում»:

Անդրադառնալով սպասվող հնարավոր սցենարներն՝ Էդգար Առաքելյանն ասաց. «Տեսականորեն բոլոր տարբերակները կան: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան գործընթացները, ըստ այդմ իշխող քաղաքական ուժը որոշումներ կկայացնի: Նոր է նախագիծը հրապարակվել, մենք դեռ հույս ունենք բովանդակային քննարկման, շատ կարևոր է, որ երկար քննարկում լինի հասարակության տարբեր շերտերի հետ, սա նախագիծ է, որը վերամշակման ենթակա է»:

Leave a comment