ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը. հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե իրավիճակը շարունակվեր այնպես, ինչպես Բայդենի օրոք էր (իսկ այդ սցենարը ապագայի համար բացառել չի կարելի), ապա մենք կարող էինք ականատես լինել հակամարտության ընդլայնման։ Եթե ոչ երրորդ համաշխարհային պատերազմ, ապա դուք՝ ՆԱՏՕ-ի անդամներդ, արդեն իսկ ներքաշված կլինեիք այս պատերազմի մեջ։ Նա կանխեց դա»,- ասել է Բելառուսի նախագահը «Le Point»-ին։
Լուկաշենկոյի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը դեռ չի արել այն ամենը, ինչ հնարավոր էր անել։
Բելառուսի ղեկավարը նաև կանխատեսել է ԱՄՆ-ի գործողությունները, եթե Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը փակուղի մտնի։ «Եթե ամերիկացիները տեսնեն, որ Ռուսաստանն է արգելակում այս գործընթացը, նրանք Ուկրաինային զենք կտրամադրեն՝ ճիշտ այնպես, ինչպես դա արեցին Բայդենի օրոք։ Նրանք կտրամադրեն և՛ գումար, և՛ զենք, ինչպես նաև կմոբիլիզացնեն ՆԱՏՕ-ի ուժերը։ Մյուս կողմից, եթե Ամերիկան տեսնի, որ գործընթացը ձգձգում է Զելենսկին՝ Եվրոպայով մեկ վազվզելով, ապա նրանք ոչ մի զենք կամ գումար չեն տրամադրի։ Եվրոպացիները չեն կարողանա դա հաղթահարել։ Ավելին, [Թրամփը] եվրոպացիների վրա էլ ավելի մեծ ճնշում կգործադրի, քան արդեն իսկ գործադրում է։ Տեսնո՞ւմ եք, թե որտեղ է թաքնված վտանգը՝ երկու կողմից էլ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։