Ուկրաինայի լեզվի հարցերով օմբուդսմեն Ելենա Իվանովսկայան բացատրել է, թե ինչու չի տուգանվի Վոլոդիմիր Զելենսկին ռուսերեն գործածելու համար։
Հոկտեմբերի 24-ին Զելենսկին ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, դիմելով օգնականներին, անսպասելիորեն ռուսերեն արտահայտություն է ասել։ Հոկտեմբերի 26-ին լեզվի հարցերով օմբուդսմենի գրասենյակ բողոք է ստացվել՝ Զելենսկուն պետական լեզվի մասին օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Օմբուդսմենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնական պատասխանում նշվել էր, որ բողոքի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել, և սա Զելենսկու դեմ նմանատիպ առաջին բողոքն է։
«Մենք գործում ենք բացառապես օրենքի շրջանակներում։ Լեզվի մասին օրենքի 12-րդ հոդվածը հստակ պահանջում է պաշտոնատար անձանց ծառայողական պարտականությունները կատարելիս օգտագործել պետական լեզուն, այդ թվում՝ ուկրաինական լսարանի առջև հրապարակային ելույթների ժամանակ։ Զելենսկու դեպքում խոսքը օտարերկրյա լրատվամիջոցին տված հարցազրույցի մասին էր։ Օրենքը թույլ է տալիս օտարերկրացիների հետ շփվել կողմերի համար ընդունելի լեզվով»,- «Ապոստրոֆ» պարբերականին տված հարցազրույցում նշել է օմբուդսմենը։
Նրա խոսքով՝ օգնականին ուղղված ձայնագրության ընթացքում հնչեցրած կարճ արտահայտությունը նույնպես չի համարվում հրապարակային ելույթ։
«Եթե նման թույլ հիմքի վրա վարույթ սկսեինք, ցանկացած դատարան պարզապես կչեղարկեր այն։ Մեզ իրական արդյունք է պետք, ոչ թե աղմկոտ, բայց անիմաստ մեդիա իրադարձություն»,- եզրափակել է Իվանովսկայան։
Ուկրաինայում 2014 թվականից ռուսերենի կիրառումը սահմանափակելու քաղաքականություն է իրականացվում։ 2019 թվականին ընդունվել է «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործունեության ապահովման մասին» օրենքը, որը զգալիորեն սահմանափակել է ռուսերենի և ազգային փոքրամասնությունների լեզուների կիրառման հնարավորությունները։
Տեղական իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ռուսալեզու արվեստի ստեղծագործությունների նկատմամբ, ինչպես նաև պահանջում են, որ դպրոցականները դասամիջոցներին հաղորդակցվեն միայն ուկրաիներենով։ Միևնույն ժամանակ, երկրի քաղաքացիները շարունակում են առօրյա կյանքում լայնորեն օգտագործել ռուսերենը, ինչը պարբերաբար տարաձայնությունների պատճառ է դառնում։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին էլ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուսերենի կիրառումն արգելող բազմաթիվ պաշտոնյաներ առօրյա կյանքում նույնպես ռուսերեն են խոսում։