TRIPP-ը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի և ԱՄՆ-ի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. ԱԳՆ

Սյունիքում երկաթուղու բուն շինարարությունը կսկսվի 2027 թվականին, ասել է  ԱԳ փոխնախարարը


ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման գործնական փուլը մեկնարկել է։ Սյունիքում արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում երկաթուղու կառուցման համար, իսկ բուն շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։


«Կարող ենք ասել, որ TRIPP-ի զարգացման կազմակերպության հիմնման ուղղությամբ բանակցությունները վերջին փուլ են մտել կամ կարելի է ասել՝ ավարտվել են, և շուտով ֆորմալ առումով այս հայ-ամերիկյան կազմակերպությունը Հայաստանում գրանցում կստանա», – ասել է Կոստանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։


Նրա խոսքով՝ ուսումնասիրություններ իրականացնող ամերիկյան ընկերությունն օրեր առաջ Հայաստանի կառավարությանը ներկայացրել է նախնական հետազոտության արդյունքները, ինչը հնարավորություն է տվել տեղում սկսել աշխատանքները։


«Ի՞նչ ենք մենք հիմա անում Սյունիքում․ մենք նախապատրաստում ենք տարածքը, որոշակի աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի մեկնարկենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները», – նշել է Կոստանյանը։


Փոխնախարարը հայտնել է նաև, որ պատվիրվել են էլեկտրահաղորդման գծերի և ճանապարհի նախագծման ուսումնասիրություններ։ Դրանց նախնական արդյունքները սպասվում են առաջիկա ամիսներին, ինչը հնարավորություն կտա աշխատանքներ սկսել նաև այդ ուղղություններով։


«2027թ.-ը բավականին մեծ շինարարական տարի է լինելու TRIPP-ի կոնտեքստում, և էականորեն առաջ ենք գնալու», – ընդգծել է նա։


Ե՞րբ կսկսվի Սյունիքում երկաթուղու բուն շինարարությունը


Կոստանյանի խոսքով՝ ներկայումս Սյունիքում նախապատրաստվում է երկաթուղու կառուցման համար նախատեսված տարածքը։


«Այս պահին աշխատանքներ են տարվում նախապատրաստելու համար տվյալ տարածքը՝ որոշակի մաքրելու համար, աշխատանքներ՝ մինիմալ ինժեներական աշխատանքներ իրականացնելու, որպեսզի արդեն իսկ նախանշված տարածքով, որը պարզ է, և այդ ուղեգիծն էլ պարզ է, այդտեղ մյուս տարի սկսենք հենց երկաթուղու բուն կառուցման աշխատանքները», – հայտնել է փոխնախարարը։


Նրա խոսքով՝ երկաթուղու կառուցման տեխնիկական պարամետրերը դեռևս նախնական են։ Ուսումնասիրություններ իրականացնող ընկերությունը հաջորդ տարվա սկզբին կամփոփի հետազոտության արդյունքները և կառավարությանը կներկայացնի վերջնական տվյալները, այդ թվում՝ ինժեներական լուծումները։


Կոստանյանը նաև նշել է, որ հայ-ամերիկյան ընկերությունն իրականացնելու է TRIPP նախագծի ընդհանուր կառավարումը, իսկ բուն շինարարական աշխատանքների համար, ըստ անհրաժեշտության, կներգրավվեն միջազգային գործընկեր կազմակերպություններ։


Փոխնախարարի խոսքով՝ երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքների համադրումը հնարավորություն կտա նվազեցնել ծախսերը և առավել արդյունավետ կազմակերպել գործընթացը։


Նա հավելել է, որ TRIPP-ի շրջանակում նախատեսվում է նաև Նախիջևան–Հայաստան երկաթուղային միացումը։ Բացի այդ, Հայաստանը շարունակում է Թուրքիայի հետ աշխատանքները Կարս–Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման և վերաբացման ուղղությամբ։


Կոստանյանի գնահատմամբ՝ նախագիծը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի և ԱՄՆ-ի, այլև ամբողջ տարածաշրջանի համար՝ դառնալով միջազգային լոգիստիկ երթուղիների մաս։


TRIPP նախագծի մասին


TRIPP-ը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում, այդ թվում՝ երկաթուղային կապ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։


Նախաձեռնությունը ընթացք է ստացել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։


Նախագիծը նաև նպատակ ունի Հայաստանի համար ապահովել տրանսպորտային նոր հնարավորություններ և նպաստել երկրի ինտեգրմանը միջազգային լոգիստիկ երթուղիներին։


 


 


 


 

Leave a comment