Ռուսաստանում անօրինական միգրացիայի դեմ իրականացված դաշնային գործողության արդյունքում երկրից արտաքսվել և վարչական կարգով հեռացվել է ավելի քան 34 հազար օտարերկրացի։
ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ «Ապօրինի ներգաղթյալ-2026» օպերատիվ-կանխարգելիչ գործողության արդյունքներով Ռուսաստանից արտաքսված և վարչական կարգով հեռացված օտարերկրյա քաղաքացիների թիվը նախորդ տարվա համանման գործողության ցուցանիշը գերազանցել է 80 տոկոսով, գրում է ՌԲԿ-ն:
Վոլկի փոխանցմամբ՝ գործողության երկու փուլերի ընթացքում արձանագրվել է միգրացիոն օրենսդրության մոտ 143 հազար խախտում։ Դրանցից ավելի քան 100 հազարը վերաբերել է օտարերկրյա քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու, երկրից դուրս գալու, գտնվելու և տարանցիկ երթևեկության կանոններին, ևս մոտ 40 հազարը՝ աշխատանքային գործունեության իրականացման սահմանված կարգին։
Բացի այդ, իրականացված միջոցառումների արդյունքում միգրացիայի ոլորտում հարուցվել է մոտ 4200 քրեական գործ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են նաև հետախուզման մեջ գտնվող 549 անձի։
Գործողությանը ներգրավված են եղել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը և Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը։ Միջոցառումներն իրականացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցությամբ։
Հուլիսի 6-ին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ խորհրդարանի ստորին պալատը մտադիր է քննարկել Ռուսաստանից միգրանտների արտաքսման հիմքերի ցանկն ընդլայնող օրինագիծը։ Առաջարկվող նոր հիմքերի թվում են միգրանտի կողմից տարբեր հատկանիշներով խտրականության դրսևորումը, ինչպես նաև պետական սահմանի պահպանությունն իրականացնող զինծառայողին չենթարկվելը։