«Ա1+». Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն վերջնականապես արդարացվեց, քանիի որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Գլխավոր դատախազության բողոքը, հայտնի է դարձել «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը խնդրել էր ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 7-ի որոշումը և քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը 2025 թ մայիսի 29-ին արդարացրել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով մեղադրվող Դավիթ Սանասարյանին: Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքն էլ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել էր՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատավճիռը։
Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել 2019 թ ապրիլ ամսից։ Նա բազմիցս հայտարարել էր, որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում և չի ընդունում մեղադրանքը։
Հիշեցնենք, որ վճռաբեկ բողոք ներկայացրել էր նաև Դավիթ Սանասարյանը։ Պաշտպանական կողմը խնդրահարույց ձևակերպումներ էր տեսել Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։ Պաշտպանական կողմի բողոքը Վճռաբեկ դատարանը ևս մերժել է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: