Այսպիսի վիճակում գտնվող տասնյակ հազարավոր կիլոմետր օդային գծեր ունենք մեր երկրի ողջ տարածքում, իսկ առջևում ձմեռ է․ Ռոմանոս Պետրոսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ բնակավայրերում նոյեմբերի 23-ին տևական հոսանքազրկում է տեղի ունեցել։ Առատ ձյան և բքի հետևանքով բնակավայրերը սնուցող 6 կՎ օդային գիծը վթարվել է ութ հատվածում, ինչպես նաև կողաշրջվել են մի քանի հին փայտե հենասյուներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ՀԷՑ-ի աշխատակիցներն ամբողջ գիշեր տեղազննություն են իրականացրել, իսկ վաղ առավոտյան վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել է սպառողների էլեկտրամատակարարումը։
«Եվ այսպիսի վիճակում գտնվող՝ տասնյակ հազարավոր կիլոմետր օդային գծեր ունենք մեր երկրի ողջ տարածքում, իսկ առջևում ձմեռ է…»,- գրել է Պետրոսյանը։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը նշել է, որ սակագնային մարժայով նախատեսված միջոցների և ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած ֆինանսական խնայողությունների հաշվին առաջիկա տարիներին նախատեսում են հետևողականորեն արդիականացնել ընկերության բաշխման ցանցը և նվազագույնի հասցնել վթարային իրավիճակները։
«Թե բա «Մեկ միլիարդ դոլար արժե ՀԷՑ-ը»»,-գրել է Պետրոսյանը։