Եթե բոլորը տեղյակ են իմ ընդդիմադիր լինելու մասին, իմաստը ո՞րն է, որ գնամ թաքուն ընտրեմ պատուհաս. Հովսեփյան

«Ապացույցների բեռի բաշխման փուլում ինձ վրա ապացուցման պարտականություն էր դրվել՝ ապացուցելու, որ նախ՝ մասնակցել եմ ընտրություններին, ապա՝ ընտրել ընդդիմադիր որևէ ուժի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում էինք ներկայացրել՝ խնդրելով տեղեկացնել, թե ես ում եմ ընտրել։ Միաժամանակ խնդրել էինք տրամադրել հիմքեր, որ մասնակցել եմ ընտրություններին։

Բնականաբար, օրենքի համաձայն՝ պատասխան էին ուղարկել, որ չեն կարող իմանալ, թե ես ում եմ ընտրել, քանի որ քվեարկությունը գաղտնի է։ Որոշակի ժամանակահատվածում ընտրողների ցուցակները լինում են ԿԸՀ կայքում, այնուհետև որոշ ժամանակ անց տեղափոխվում են արխիվ։ Միջնորդություն ներկայացրինք, որպեսզի դատարանն անձամբ դիմի և արխիվից ստանա այն ապացույցը, որ մասնակցել եմ ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժի օգտին քվեարկելու հանգամանքը հաստատող ապացույցներին, Հովսեփյանն ասաց, որ ներկայացրել է իր՝ տարիների ընդդիմադիր գործունեությունը, ինչպես նաև ընտրությունների նախաշեմին իր դեմ հարուցված քրեական գործը։

«Սա որպես հիմք պետք է ընդունվեր, բայց դատարանն ասաց՝ այլընտրանքային կերպով ապացուցեք։ Իսկ այլընտրանքային կերպով արդեն ապացուցված է։ Եթե բոլորը տեղյակ են իմ ընդդիմադիր լինելու մասին, իմաստը ո՞րն է, որ գնամ թաքուն ընտրեմ պատուհաս»,- նշեց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը հուլիսի 14-ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս հրապարակայնորեն հերքել իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող փաստացի տվյալները։

Որպես ընդդիմադիր ուժի ընտրած քաղաքացի՝ Հովսեփյանը պնդում է, որ Փաշինյանը հունիսի 11-ի իր հայտարարությամբ արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը՝ հայտարարելով, թե ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայները եղել են օրգանիկ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment