Ընթրիքից կամ ճաշից հետո պարելը կարող է վնասակար լինել առողջության համար․ բժիշկ

Կորպորատիվ միջոցառման ժամանակ առատ ընթրիքից կամ ճաշից հետո պարելը կարող է վնասակար լինել առողջության համար։ Մեծ քանակությամբ սնունդ ընդունելը և միաժամանակ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելը կարող են խոչընդոտել մարսողությանը, իսկ ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել գլխապտույտի, վայր ընկնելու և վնասվածքների։ Այս մասին «aif.ru»-ին հայտնել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը։

Կոնդրախինը բացատրել է, որ ուտելուց հետո օրգանիզմը լրացուցիչ էներգիա է ծախսում ակտիվ շարժումների համար, ուստի ավելի լավ է մի փոքր սպասել, նստել և ժամանակ տալ օրգանիզմին՝ սնունդը մարսելու համար։

Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա բժիշկը խորհուրդ է տվել գնահատել սեփական վիճակն ու խուսափել պարահրապարակից, եթե առկա են հարբածության նշաններ։

«Եթե ընդամենը քիչ քանակությամբ ալկոհոլ եք օգտագործել և ձեզ ունակ եք զգում պարելու, դա մեկ բան է։ Բայց եթե արդեն գլխապտույտ եք զգում և հասկանում եք, որ չափն անցել եք, ապա պետք չէ պարել։ Կարող եք վայր ընկնել և վնասվածք ստանալ։ Ուստի, եթե զգում եք, որ չափից շատ եք օգտագործել, ավելի լավ է մնալ տեղում, հանգիստ նստել և թույլ տալ օրգանիզմին վերականգնվել»,- զգուշացրել է Կոնդրախինը։

Leave a comment