Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ բախվել է ծովային ականներին, ինչի հետևանքով պայթյուններ և հրդեհներ են բռնկվել։ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հայտարարության համաձայն՝ միջադեպերը տեղի են ունեցել վերջին ժամերին։ Հայտարարությունը հրապարակվել է կեսգիշերից կարճ ժամանակ անց՝ կորպուսի հետ կապ ունեցող Sepah News Telegram ալիքում։
Նշվում է, որ լցանավերից մեկն ականի է բախվել նեղուցի հարավային ափի մոտ, իսկ մյուս երկուսը՝ նեղուցի արևելյան հատվածում։
«ԱՄՆ-ի ռազմական օդային ուղեկցումը չի կարողացել կանխել այդ միջադեպերը»,- ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն չի նշել լցանավերի անունները, սեփականատերերին կամ դրոշի երկրները, ինչպես նաև տեղեկություններ չի հաղորդել հնարավոր տուժածների կամ վնասի չափի մասին։
Կորպուսը նավերն անվանել է «կանոններին չենթարկվող լցանավեր» և նավագնացությամբ զբաղվող ընկերություններին նախազգուշացրել է չօգտվել, իր բնորոշմամբ, ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրային ուղու չարտոնված երթուղիներից։
Միաժամանակ, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Օզմային նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով անցնող նավերին՝ չօգտվել չհաստատված երթուղիներից։
«Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղիները փորձարկելու և ծովային նախազգուշացումներն անտեսելու վայր չէ»,- հայտարարել է Օզմանին։
Ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրային ուղին դարձել է Իրանի ազդեցության գլխավոր լծակը, և երկրի բարձրագույն ղեկավարությունը, կարծես, վճռական է տրամադրված՝ նեղուցի նկատմամբ մշտական վերահսկողության որևէ ձև ամրապնդելու հարցում։ Իրանի կառավարությունը Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ապագա պատերազմները կանխելու իր գլխավոր զսպող միջոցը։
Հավելենք, որ լցանավերի հետ կապված միջադեպերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ երկուշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Սահմանափակումներն ուղղված են Իրանի ավելի քան երկու տասնյակ տարադրամի փոխանակման կետերի, կեղծ ընկերությունների և առանցքային անձանց դեմ։ ԱՄՆ-ի բնորոշմամբ՝ սա «Իրանի ստվերային բանկային համաշխարհային ցանցերը խաթարելու լայնածավալ ջանքերի» մասն է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի