Նոյեմբերի 23-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ:
ՆԳ նախարարը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին ՝ ընդգծելով Հայաստանի քաղաքական կամքն ու հանձնառությունը՝ ընդլայնելու համագործակցությունն ու ապահովելու Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետևողական ջանքերը օրակարգի առաջմղման գործում։
Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է չորս հիմնական ուղղություններով արձանագրված առաջընթացն ու առաջիկա անելիքները։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի Գործողությունների ծրագրի առաջին փուլի կատարումն ապահովել արդեն հաջորդ տարի և շարունակել երկրորդ փուլի ամբողջական իրականացումը։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է, որ նոյեմբերի 1-ից հանրապետությունում ամբողջությամբ ներդրվել է նոր կենսաչափական համակարգը, ինչը կարևոր քայլ էր քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավման տեսանկյունից։
ԵՄ անդամ պետությունների դեսպանները հետաքրքրվել են սահմանների համալիր կառավարման ուղղությամբ Կառավարության որդեգրած մոտեցումներով։
ՆԳ նախարարը պատասխանելով ԵՄ անդամ պետությունների դեսպանների հարցերին՝ անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին, ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Վիզաների ազատականացման շրջանակում Հայաաստանի կողմից կատարվող քայլերի ընթացքին։
ԵՄ անդամ պետությունների դեսպանները ողջունել են Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը՝ վերահաստատելով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ճանապարհին աջակցելու իրենց պատրաստակամությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: