Իրանում մտրակի 74 հարված են հասցրել 29-ամյա երգչուհուն
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանում մտրակի 74 հարված են հասցրել 29-ամյա երգչուհի Փարասթու Ահմադիին, երեք երաժիշտների և նրա համերգի պրոդյուսերին՝ առանց պարտադիր հիջաբի ելույթ ունենալու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երգչուհու փաստաբաններին։
Իրանի օրենսդրությունն արգելում է կանանց հանրային երաժշտական ելույթները, ինչպես նաև պարտավորեցնում է նրանց կրել գլխաշոր և համեստ հագուստ։
Ահմադին 2024 թվականի դեկտեմբերին YouTube-ի իր ալիքով ուղիղ հեռարձակել էր համերգ, որի ընթացքում հանդես էր եկել առանց հիջաբի՝ տղամարդ երաժիշտների ուղեկցությամբ։ Ելույթը նկարահանվել էր Իրանի Ղոմ քաղաքում՝ առանց հանդիսատեսի։
Այս տարվա հունիսին Ղոմի քրեական դատարանը Ահմադիին և ևս ութ անձի մեղավոր էր ճանաչել «հասարակական բարոյականությունը վիրավորելու» մեջ՝ առցանց հրապարակելով, իշխանությունների բնորոշմամբ, «անպարկեշտ և անբարոյական նյութեր»։ Մեղադրյալները հերքել էին մեղադրանքները։
Սեպտեմբերի վերջին վերաքննիչ դատարանը մերժել էր դատապարտյալների բողոքը և ուժի մեջ թողել դատավճիռը։ Բացի մտրակի հարվածներից, Ահմադիին և նրա չորս համախոհներին երկու տարով արգելվել է զբաղվել տեսալսողական գործունեությամբ, ինչպես նաև լքել երկիրը։
Պատժի կատարումից առաջ փաստաբանները փորձել էին հասնել դատավճռի բեկանման, պատժի մեղմացման կամ դրա կատարումը հետաձգելուն, սակայն ապարդյուն։