ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում խուճապ է

ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում անորոշության և ներքին լարվածության մթնոլորտ է ձևավորվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ նախագծի 85-րդ հոդվածը, որով նախատեսվում է գործող դատավորների համատարած վերագնահատում, լուրջ մտահոգություններ է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների շրջանում։

«Բազմաթիվ դատավորներ մտահոգված են ՀՀ նոր Սահմանադրության նախագծով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգի ներսում արդեն ձևավորվում են մասնագիտական փոքր խմբեր, որոնք փորձում են քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրենց պաշտոնավարման շարունակականության իրավունքը պաշտպանելու հնարավոր իրավական մարտավարությունը»,– նշում է թերթը։

Լրատվամիջոցը պարզաբանում է` խնդիրը վերաբերում է ոչ միայն դատավորների մասնագիտական գնահատմանը, այլև նրանց կարգավիճակի փոփոխությանը։ Նախագծի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո գործող դատավորները մինչև վերագնահատման արդյունքներով նոր նշանակումը շարունակելու են պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները կարծում են, որ վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունը ենթակա չէ դատական վերանայման։ Մասնագիտական շրջանակում սա դիտարկվում է դատական անկախության և պաշտոնավարման կայունության լուրջ խնդիր։

«Դատական համակարգում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է նաև մեկ այլ տեսանկյունից․ եթե դատավորը վստահ չէ իր պաշտոնավարման շարունակականության հարցում, նա կդառնա օրվա իշխանության կամակատարը։ Այսպիսով` նոր Սահմանադրության նախագիծը դատական համակարգի համար ոչ միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների, այլև անորոշության նոր փուլ է բացում։ Վնգստացող դատավորները հիմա կդառնան ժամանակավոր դատավորներ»,– եզրափակում է թերթը` հիշեցնելով, որ 2025 թվականի մայիսի 14-ի դրությամբ Հայաստանում պաշտոնավարում էր 318 դատավոր։

Թեմային երեկ անդրադարձել էր նաև իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը` ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության նախագծում դատական իշխանության անկախության, դատավորների անփոփոխելիության և արդար դատաքննության երաշխիքներին սպառնացող վտանգներ կան։

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։

Sputnik Արմենիա

Leave a comment