Եթե ՀՀ անկախության հռչակագիրը խանգարում է խաղաղության պայմանագիր կնքելուն, ապա նույն կերպ Ադրբեջանի 1991թ. Անկախության սահմանադրական ակտը կխանգարի այդ խաղաղության պայմանագրին. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է.

«Հայաստանի իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխարինելու նախաձեռնության նպատակը խաղաղությանը իբրև խանգարող Հայաստանի Անկախության մասին հռչակագրի հղումից հրաժարվելն է:

Եթե այս հարցում իշխանությունները հաջողեն, ապա Ադրբեջանը արդյո՞ք կկնքի խաղաղության պայմանագիր, թե՞ ոչ:

Եկեք միասին վերլուծենք, առանց քաղաքական նախապայմանների և նախասիրությունների:

Միասին կարդանք Ադրբեջանի 1991թ. Անկախության սահմանադրական ակտի 1-ին և 2-րդ հոդվածները՝
Հոդված 1. «1920 թվականի ապրիլի 27–28-ին ՌԽՖՍՀ-ի XI բանակի՝ Ադրբեջան ներխուժումը, հանրապետության տարածքի բռնազավթումը և միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տապալումը համարել Ռուսաստանի կողմից անկախ Ադրբեջանի օկուպացիա»։

Հոդված 2. «Ադրբեջանի Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է»։
Այս հոդվածները ցույց են տալիս, որ ներկայիս Ադրբեջանը 1918–1920թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է, և ոչ թե՝ Խորհրդային Ադրբեջանի։

Ի՞նչ տարածքների նկատմամբ էր Ադրբեջանը 1918–1920թթ. ներկայացնում պահանջներ:
1919թ. ադրբեջանական պատվիրակությունը տարածքային հավակնություններ ներկայացնում էր Փարիզի խորհրդաժողովում։ Դրան կից քարտեզի վրա նշված էր, որ այն ցույց է տալիս Ադրբեջանի «ներկայիս և պահանջվող տարածքը»։

Տես՝ հետևյալ հղումով (16-րդ էջ)՝

Ադրբեջանի 1919թ. պաշտոնական գրության մեջ հիշատակվել են նաև Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի (նկատի ունեն Վայոց ձորի մեծ մասը և Նախիջևանի Շարուրի շրջանը) և Սուրմալուի գավառները, ինչպես նաև Երևանի գավառի մի մասը։

1920թ. Ազգերի լիգային ուղղված ադրբեջանական պատվիրակության նամակում առանձին հիշատակվում էին Ղարաբաղն ու Զանգեզուրը․ պատվիրակությունը դրանք ներկայացնում էր որպես Ադրբեջանի մասեր, որոնք իր կառավարության ենթակայության տակ էին։ Սա Ադրբեջանի պատվիրակության դիրքորոշումն էր, ոչ թե Լիգայի կողմից այդ տարածքների պատկանելության հաստատումը։

Այդ շրջանի քարտեզներում սահմանագիծը հատում էր նաև Սևանը (ըստ իրենց՝ Գյոյչա լիճը)․ քարտեզի տրամաբանությամբ լճի արևելյան հատվածը մնում էր Ադրբեջանի պահանջվող տարածքի կողմում։
Ազգերի լիգան Ադրբեջանի անդամակցության դիմումը չի ընդունել։ Լիգայի քննարկման նյութերում նշվել են չորոշված սահմանները, հարևանների հետ վեճերը և Ադրբեջանի կառավարության վիճակի շուրջ անորոշությունը։

Մեկ այլ ուշագրավ փաստաթուղթ էլ կարելի է վկայակոչել, ցույց տալու համար Ադրբեջանի ախորժակը:
Ստորև նշված հղումով կարող եք կարդալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի համատեղ շրջանառված փաստաթուղթը՝ A/64/475–S/2009/508, թվագրված 2009թ. հոկտեմբերի 6-ով։

Փաստաթղթի առաջին մասը Ադրբեջանի մշտական ներկայացուցչի 2009թ. սեպտեմբերի 30-ի նամակն է՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

Այս փաստաթղթում Ադրբեջանի ներկայացուցիչը հայտնում է՝

«45. Փաստերը ցույց են տալիս, որ խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում Հայաստանին հաջողվել է ընդլայնել իր տարածքը Ադրբեջանի հաշվին և հնարավոր բոլոր միջոցներով վտարել ադրբեջանցիներին իրենց հողերից։ Այդ ժամանակաշրջանում նշված քաղաքականությունն իրականացվել է համակարգված և հետևողականորեն։
….
49. Այսպիսով, «խորհրդայնացման» հետևանքով Հայաստանի տարածքը 8 000-10 000 քառ. կմ-ից մեծացավ մինչև 29 800 քառ. կմ՝ հիմնականում ադրբեջանական հողերի հաշվին։»:

Հղումը՝

Հայաստանի գոյության և ինքնիշխանության մասին մտածող յուրաքանչյուր հայ պետք է այս հարցի պատասխանը ունենա՝

– Կարո՞ղ է այսօրվա Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:

Այս հարցի պատասխանը ես ունեմ՝ եթե Հայաստանի անկախության հռչակագիրը խանգարում է խաղաղության պայմանագիր կնքելուն, ապա նույն կերպ Ադրբեջանի 1991թ. Անկախության սահմանադրական ակտը կխանգարի այդ խաղաղության պայմանագրին:

Կցված նկարում Ադրբեջանի պահանջատիրության քարտեզն է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment