Առաջարկվող փոփոխությունները, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, լուրջ մտահոգություններ են առաջացնում. Թագուհի Թովմասյան

Սահմանադրության նախագծի որոշ դրույթների անհամատեղելիությունը միջազգային չափանիշներին
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը որդեգրել է եվրոպական ուղղություն, սակայն եվրոպական ժողովրդավարության չափանիշներին համապատասխանությունը ենթադրում է ավելին, քան արտաքին քաղաքական կողմնորոշման մասին մամուլի ասուլիսներում խոսելը։

Այն պահանջում է իշխանության իրական սահմանափակում, անկախ դատական համակարգ, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն, ընդդիմության ինստիտուցիոնալ երաշխիքներ և պետական կառավարման թափանցիկություն։

Դատական համակարգի անկախությունը դատավորների մասնագիտական արտոնություն չէ, այլ մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք։ Անկախ դատարանի գոյությունն է ապահովում, որ յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների վերաբերյալ որոշումները կայացվեն օրենքի հիման վրա՝ զերծ քաղաքական, վարչական կամ այլ արտաքին ազդեցություններից։

Նոր Սահմանադրության նախագծով դատական համակարգի կառուցվածքում և ձևավորման սկզբունքներում առաջարկվող փոփոխությունները, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, մի շարք լուրջ մտահոգություններ են առաջացնում։

Ընդամենը մի քանի դրույթներ՝ միջազգային փաստաթղթերի հետ հակասության տեսանկյունից

1. Բոլոր գործող դատավորներին ժամանակավոր պաշտոնակատար դարձնելը (նախագծի 85-րդ հոդված) – վտանգում է դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման անվտանգության սկզբունքը։ Հակադրելի է ՄԱԿ-ի Դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների 11–12-րդ կետերին։

2. Դատավորների համատարած վերագնահատումը – ստեղծում է դատավորների հետագա պաշտոնավարումը գնահատող հանձնաժողովից կախված դարձնելու վտանգ։ Խնդրահարույց է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների 17–18-րդ կետերի տեսանկյունից։

3. Վերագնահատման հանձնաժողովի եզրակացության անմիջական դատական վիճարկման բացակայությունը – կարող է սահմանափակել արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը։ Հակադրելի է ՄԻԵԿ 6-րդ հոդվածին և ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների 20-րդ կետին։

4. Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների ընտրությունը Ազգային ժողովի կողմից – թուլացնում է դատական իշխանության ինքնակառավարման երաշխիքները և մեծացնում քաղաքական ազդեցության վտանգը։ Խնդրահարույց է ԵԽ CM/Rec(2010)12 հանձնարարականի 27-րդ կետի համատեքստում։

5. ԲԴԽ-ի կողմից դատական և կարգապահական գործառույթների համատեղումը – առաջացնում է անկախության, անաչառության և շահերի բախման ռիսկեր։ Պետք է գնահատվի ՄԻԵԿ 6-րդ հոդվածի հիման վրա։

6. Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը՝ առանց սահմանադրական բավարար երաշխիքների – իրավական անորոշության վտանգ է ստեղծում երդվյալների ընտրության, անկախության և անաչառության հարցերում։ Տպավորություն է, որ նրանք կլինեն օրվա իշխանության որոշիչ ներկայացուցիչները դատարանում: Պետք է ապահովվի ՄԻԵԿ 6-րդ հոդվածի պահանջների կատարումը։

7. Վճռաբեկ դատարանի դատավորների նշանակման քաղաքական բաղադրիչը – խորհրդարանական ընտրության հայեցողությունը կարող է ստեղծել դատական նշանակումների քաղաքականացման վտանգ։ Խնդրահարույց է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների 10-րդ և 13-րդ կետերի տեսանկյունից։

8. Դատական անկախության հռչակման և անցումային դրույթների միջև հակասությունը – նախագծի 60-րդ հոդվածը հռչակում է դատավորների անկախությունը, մինչդեռ 85-րդ հոդվածը նրանց պաշտոնավարումը պայմանավորում է վերագնահատմամբ։ Սա առաջացնում է սահմանադրական երաշխիքների ներքին անհամապատասխանության խնդիր։

Մարդու իրավունքների տեսանկյունից այս փոփոխությունները կարող են հանգեցնել անկախ և անաչառ դատարանի իրավունքի, արդար դատաքննության, արդյունավետ դատական պաշտպանության և իրավական որոշակիության երաշխիքների թուլացման։

Ամենամեծ վտանգն այն է, որ դատավորը կարող է իրեն զգալ ոչ թե օրենքին և Սահմանադրությանը, այլ իր հետագա պաշտոնավարումը որոշող համակարգին հաշվետու։ Իսկ երբ թուլանում է դատավորի անկախությունը, վտանգվում է նաև քաղաքացու պաշտպանվածությունը պետության կամայականություններից։

«Խոսքի ուժը» իրավապաշտպան ՀԿ նախագահ,
ԱԺ նախկին պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment