Վարչական դատարանը մերժել է Սպիտակ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Հայցը ներկայացրել էր թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ պնդելով, թե Նիկողոսյանը վարչական ռեսուրս է կիրառել և աշխատանքից ազատել մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներին՝ փոխքաղաապետին ու երեք վարչական ղեկավարների:
Դատարանն արձանագրել է, որ պաշտոնանկությունները կատարվել են հոկտեմբերի վերջին՝ մինչև նոյեմբերի 4-ին նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ուստի չեն կարող Նիկողոսյանի գործողությունները գնահատել որպես քարոզչության կարգի խախտում:
Անցած շաբաթավերջին ընտրատարածքային հանձնաժողովը որոշել էր, որ իր ենթականերին ընտրությունների նախաշեմին աշխատանքից հեռացնելով՝ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը հոգեբանական ճնշում է գործադրել, ազդել ընտրողների կամարտահայտման վրա և փորձել ընտրություններից առաջ առավելություն ստանալ:
Եթե դատարանը բավարարեր թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի հայցը, ապա Քաջայր Նիկողոսյանը, որ գլխավորում է իշխող կուսակցության ընտրական ցուցակը, կզրկվեր ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Մինչ Վարչական դատարանը քննում էր Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետի քաղաքական ճակատագիրը, կուսակցությունը շարունակում էր իր ակտիվ քարոզչությունը Նիկողոսյանի մասնակցությամբ՝ պնդելով, որ հայցն անհիմն է:
Ընտրատարածքայինի որոշումից ժամեր անց թիմակիցների խուճապը փորձել էին մարել ներկուսակցական փակ նամակագրությամբ, որը հայտնվել էր ՔՊ-ականներից մեկի ֆեյսբուքյան էջի սթորիների բաժնում: Քաջայր Նիկողոսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Լուսինե Ավետիսյանը թիմակիցներին հորդորել էր խուճապի չմատնվել՝ վստահեցնելով, որ «ամեն ինչ վերահսկվում է»։
Դատարանի այսօրվա վճիռը վերջնական է և վերանայման ենթակա չէ: