Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սյունիքի որևէ տարածքից զորքերը հետ քաշելու հրաման չի տվել։
«Սյունիքն ունի կոնկրետ սահմաններ։ Կարող ենք ասել, որ Սյունիքի սահմանն անցնում է Կասպից ծովի կենտրոնով, և կան ՀՀ-ում քաղաքական ուժեր, որոնք այդպես են ասում։ Սյունիքն ինձ համար կոնկրետ հասկացություն է։ Ես ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից զորք հետ քաշելու հրաման երբևէ չեմ տվել»,-ընդդիմադիր պատգամավորների, այնուհետև լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր Փաշինյանը։
Այնինչ, 2021 թվականին ԱԺ ամբիոնից անդրադառնալով 2020 թվականի դեկտեմբերին Կուբաթլուի (Սանասար), Զանգելանի (Կովսական) շրջաններից հայկական զորքի հետքաշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Զորքերի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել։ Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, եւ Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»։
Երբ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայկական զորքերը հետ քաշվեցին, իսկ ադրբեջանական զորքերն առաջխաղացում ունեցան եւ գրավեցին Սյունիքի ռազմավարական բարձունքները, տիրացան Գորիս-Կապան ճանապարհահատվածին, Սյունիքի մի շարք համայնքներում բնակչության համար բարդ պայմաններ ստեղծվեցին։ Իսկ արդեն 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զորքերը բարենպաստ դիրքերում էին, ՀՀ բնակավայրերին շատ մոտ, եւ ՀՀ տարածքները բռնազավթվեցին։
Զորքերի հետքաշման հրամանի մասին հարցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դեռևս 2021 թվականին էր ուղղել Փաշինյանին։ Այն ժամանակ Փաշինյանը պատասխանել էր, որ հրամանն անձամբ ինքն է տվել, այն իրականացրել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Առավոտ»-ի հետ զրույցում Աննա Գրիգորյանն ասաց․ «Եթե հիշում եք, այդ որոշումը ինքը կայացրել էր այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ին փաստաթուղթ էր ստորագրվել, որի առաջին կետում ասվում է՝ զորքերը տեղակայվում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են։ Իսկ այդ պահին Սյունիքից մինչև 20 կմ հեռավորության վրա էին կանգնած մեր զորքերը։ Եվ այդ նոր ձևավորված առաջնագծում խրամատներ էին փորվել, նոր տեղակայում էր իրականացվել, ինչն անվտանգ գոտի կարող էր դառնալ Սյունիքի համար։ Ինքը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հրաման է տվել, որը հետագայում Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է, ինչի հետևանքով զորքերը հետ են քաշվել։ Դրա հետևանքով Սյունիքը խոցելի իրավիճակում է հայտնվել, այդ թվում՝ ճանապարհներ են անցել ադրբեջանական վերահսկողության ներքո, մասնավորապես, Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները։ Դրանից հետո ադրբեջանմական կողմի համար հեշտացել է առաջանալ տեղակայվելը, Ներքին Հանդում տարածքներ վերցնելը։ Այսինքն՝ այդ մեկ հրամանով ինքը խոցելի իրավիճակում է դրել Սյունիքը, ինչն ավելի հեշտացրել է ադրբեջանական հետագա օկուպացիան»։
Աննա Գրիգորյանը հիշեցնում է, որ 2022 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, հենց այն դիրքերից էին հարձակվել, որտեղ եկել տեղակայվել էին Նիկոլ Փաշինյանի հրամանից հետո։ Դա ադրբեջանցիներին հնարավորություն տվեց բարենպաստ դիրքեր ունենալ, հարձակվել և արդեն բուն ՀՀ տարածքում տարածքներ գրավել։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ տարածքից զորքերի հետքաշման հրաման չի տրվել՝ Աննա Գրիգորյանն ասաց․ «Օրինակ՝ նույն Շուռնուխի կեսն անցնավ ադրբեջանական կողմին, բայց սահմանազատում չեղավ, ադրբեջանցիները GPS-ով եկել են, ասել են՝ մերն է։ Բազմաթիվ փաստաթղթեր են եղել, այդ ժամանակահավտածում էլ բարձրաձայնել ենք, որ այդ փաստաթղթերի համաձայն՝ Շուռնուխի այդ հատվածը հայկական է, Գորիս-Կապան ճանապարհը հայկական է»։
Աննա Գրիգորյանի խոսքով՝ իշխանափոխությունից հետո Փաշինյանի այդ հրամանի վերաբերյալ առանձին քրեական գործ պետք է հարուցվի։
«Մենք տարիներ առաջ դատախազություն դիմում էինք ներկայարցել այս որոշման վերաբերյալ, բայց դատախազությունն այդ գործը չի քննել։ Բայց ապագայում պետք է քրեական վարույթ հարուցվի Փաշինյանի այդ հրամանի վերաբերյալ»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: