Նիկոլ Փաշինյանը Մարուքյանի գործով որպես վկա կհարցաքննվի դատարանում

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Աննա Շիլաջյանի նախագահությամբ, Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Էդմոն Մարուքյանի՝ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ հայցի քննության շրջանակում կայացած այսօրվա նիստում բավարարեց Մարուքյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի միջնորդությունը՝ դատաքննության ընթացքում որպես վկա Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ։

Փաշինյանի ներկայացուցիչը առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ այն ենթակա է մերժման, քանի որ անհասկանալի է, թե գործի համար ինչ նշանակություն կարող է ունենալ Փաշինյանի հարցաքննությունը։

Մարուքյանն էլ զարմացավ Փաշինյանի ներկայացուցչի դիրքորոշումից։

«Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան, ասում է՝ վիրավորվել եմ, զրպարտություն է։ Մենք էլ ասում ենք՝ արի դատարան, ասա՝ ինչից ես վիրավորվել։ Հայցվորի ներկայացուցիչը չի կարող իմանալ անձնական բնույթի զգացմունքները, որոնք կարող է հայցվորը զգալ։ Հիմա եթեր է նայել, զգացել է՝ վիրավորվել է, հիմա ասում ենք՝ հայցվոր ջան, արի ասա՝ ինչից ես վիրավորվել»,- ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ իր պրակտիկայում երբևէ այսքան չհիմնավորված հայցադիմում չէր տեսել։

«Անգամ տարանջատում չկա՝ որ արտահայտություններն են զրպարտություն, որոնք՝ վիրավորանք։ Նկարագրություն չունի։ Ես տասը տարի փաստաբանություն եմ արել, նմանատիպ հայցադիմում չեմ տեսել, որ այդքան չհիմնավորված հայցադիմում ուղարկեն դատարան։ Մենք պնդում ենք, որ Նիկոլ Փաշինյանը՝ հայցվորը, որ դիմել է դատարան, թող գա այստեղ, ասի՝ ինչից է վիրավորվել, ասի՝ ինչն է համարում զրպարտություն ընտրությունների վերաբերյալ իմ խոսույթի համատեքստում, ու հասկանանք՝ ինչ հիմքով։ Ես ուղիղ եթեր եմ արել, որից հետո 207 ձայն վերականգնվել է «Լուսավոր Հայաստանի» օգտին»,- հավելեց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը դատարան է դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Մարուքյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից՝ Մարուքյանի այն ֆեյսբուքյան էջի միջոցով, որով կատարվել էր վիճարկվող հրապարակումը՝ 09.06.2026 թվականին հրապարակված «Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին» վերնագրով։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment