ՀՌՀ–ն տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»

Բաժանորդագրվել

Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 400 000 դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» (Հ2) ՍՊԸ-ին։ ՀՌՀ–ն նման որոշում է կայացրել այսօրվա հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Վարչական տույժի համար հիմք է հանդիսացել հեռուստաալիքի եթերով հոկտեմբերի 16-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդումը, որի ընթացքում հյուրը` քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ըստ հանձնաժողովի, խտրական բնույթի արտահայտություններ է հնչեցրել։

ՀՌՀ–ի իրականացրած մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի խախտման հատկանիշներ, որի արդյունքում հանձնաժողովը եզրահանգել է, որ հաղորդման ընթացքում տարածված տեղեկատվությունը համապատասխանում է ատելություն բորբոքող տեղեկատվության բնորոշմանը։

«Ազգային պատկանելության հիմքով հավաքական մեղավորության վերագրումն իր բովանդակությամբ և ընդհանուր ուղերձով նպաստում է տվյալ ազգային խմբի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, թշնամանքի և անհանդուրժողականության ձևավորմանն ու խրախուսմանը»,– նշված է ՀՌՀ–ի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հեռարձակողը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ որևէ պարզաբանում կամ առարկություն չի ներկայացրել։ Արդյունքում հանձնաժողովը կիրառել է 400 000 դրամի տույժը։

Նույն նիստում ՀՌՀ–ն նաև որոշել է հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026 թ․ նոյեմբերի 29-ին կայանալիք Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Կապան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և մշտադիտարկման արդյունքները։

Այս որոշումները երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարանում։

Leave a comment