Ուղիղ միացմամբ Մեղրիում մեկնարկել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլը: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ Մեղրիում տրվում է անկախությունից ի վեր Հայաստանի ամենախոշոր ծրագրի՝ ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը:
«Այս պահին մի քանի հատվածներում աշխատանքները մեկնարկում են: Սա իրականում պատմական իրադարձություն է, որն ուղղված է տարածաշրջանային խաղաղությանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Նախապատրաստական աշխատանքներին, բնականաբար, արդեն կհաջորդեն բուն խոշոր շինարարական աշխատանքները, և ես հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա հանուն Հայաստանի, Հայաստանի հարատևության և զարգացման»,- ասել է մարզպետը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ ազդարարեցին TRIPP նախագծի մեկնարկը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025–ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: