Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ-ի սնանկացման վտանգի մասին՝ պետական պարտքի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը չլուծի պետական պարտքի վերին շեմի հարցը, երկրին սնանկացում է սպառնում։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:

Օգոստոսին ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 40 տրլն դոլարի ռեկորդային շեմը։ Դրանից առաջ՝ շուրջ հինգ ամիս առաջ, այն հատել էր 39 տրլն դոլարի սահմանագիծը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր The New York Times-ը (NYT), ներկայում պետական փոխառությունների գործող վերին շեմը սահմանված է 41.1 տրլն դոլարի մակարդակում։

Այս սահմանաչափը կարգավորում է դաշնային կառավարության պարտքի առավելագույն թույլատրելի ծավալը։ Դրա բարձրացումը հնարավորություն է տալիս կատարել արդեն ստանձնած պարտավորությունները՝ վճարել կենսաթոշակները, զինծառայողների աշխատավարձերը և պարտքի տոկոսները, սակայն ինքնին նոր ծախսեր չի հաստատում։

«Եթե մենք չլուծենք պետական պարտքի վերին շեմի հարցը, եթե ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա, երկիրը կսնանկանա։ Նման բան նախկինում երբեք չի եղել», – հայտարարել է նախագահը։

Թրամփն արտահայտվել է օրենքով սահմանված փոխառությունների սահմանաչափի վերացման օգտին։

2025 թվականի հունիսին The New York Times-ի համար գրված հոդվածում սենատոր Ուորենը նշել էր, որ Թրամփը ճիշտ է պետական փոխառությունների վերին շեմը վերացնելու հարցում։ Նա պետական պարտքի սահմանաչափն անվանել էր քաղաքական գործիք, որը փոքրամասնություն կազմող կուսակցությանը հնարավորություն է տալիս տնտեսական ճգնաժամի սպառնալիքով հասնել իր պահանջների կատարմանը։

«Այն չի ազդում ծախսերի վրա և չի զսպում պետական պարտքի աճը», – գրել էր Ուորենը։ Նրա կարծիքով՝ սահմանափակման վերացումը թույլ կտար վերացնել արհեստականորեն ստեղծվող ֆինանսական ճգնաժամի վտանգը։

NYT-ն, հղում անելով Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի վերլուծությանը, հայտնել էր, որ 41.1 տրլն դոլարի գործող փոխառությունների վերին շեմը կարող է սպառվել և գերազանցվել 2027 թվականի փետրվարին կամ մարտին։

Դրանից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կկարողանա որոշ ժամանակ կատարել իր պարտավորությունները՝ կիրառելով արտակարգ միջոցներ։ Սակայն անբարենպաստ սցենարի դեպքում դեֆոլտի վտանգ կարող է առաջանալ արդեն օգոստոսին։

Թերթի տվյալներով՝ պետական պարտքի սահմանաչափին մոտենալը կարող է հանրապետականներին դրդել մինչև հունվար համաձայնության գալ ծախսերի և փոխառությունների հարցում։ Այդ ժամանակից հետո Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը կանցնի դեմոկրատներին։ Հակառակ դեպքում Թրամփը ստիպված կլինի բանակցել նոր մեծամասնության հետ։

Ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը ստանձնել պատրաստվող դեմոկրատ Բրենդան Բոյլն առաջարկել է ֆինանսների նախարարությանը թույլատրել կասեցնել պետական պարտքի վերին շեմի գործողությունը՝ միաժամանակ Կոնգրեսին վերապահելով այդ որոշումը չեղարկելու իրավունքը։

Leave a comment