«Ուժեղ Հայաստանը» մերժում է իշխանության առաջարկած Սահմանադրության նախագիծը (PAN.am)

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մերժում է ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ ծանոթացել են նոր Սահմանադրության տեքստին ու վերահաստատում են` ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելը նշանակում է, որ տվյալ նախագիծն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն է, հայտնում է Sputnik Արմենիան:

«Նախագծից պարզ է դառնում, որ բացի ալիևյան Սահմանադրություն լինելուց, ոչ ժողովրդավար, բռնապետական պետության միտում պարունակող օրենք է։ ՀՀ–ում Ալիևի պահանջով կամ արտաքին ուժերից որևէ մեկի պահանջով Սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը ոտնձգություններից, ինչպես պաշտպանել ու պաշտպանում ենք Հայ առաքելական եկեղեցին»,– ասել է Աբրահամյանը։

Խորհրդարանական ճեպազրույցում խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Լիանա Մանուկյանն ասել է, որ չեն պատրաստվում նաև նախագծի շուրջ բովանդակային քննարկումների մասնակցել։ Նրա խոսքով` արդեն տեքստից երևում է, որ նոր Սահմանադրությունում չկան համազգային նպատակները, Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, ուստի բովանդակության մասին խոսելու անհրաժեշտություն չեն տեսնում։

Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Մելոյանը նոր Սահմանադրության նախագիծը ևս որակել է ալիևյան՝ առանձնացնելով նախագծում կատարված մի շարք փոփոխություններ՝ առաջին հերթին ուշադրություն հրավիրելով Անկախության հռչակագրին հղման բացակայության վրա։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ինչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր սահմանադրություն ընդունելու որեւէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ: Հանված է հղումը Անկախության հռչակագրից, գանված է Արարատ լեռը՝ որպես թուրքական վաղեմի պահանջատիրեւթյան արդյունք:

Զիփ արված, պոպուլիստական լեզվամտածողությամբ համեմված, որոշակիության ու ինստիտուցիոնալ այլ խնդիրներ պարունակող նախագիծ: Հա՜, մեկ էլ սյուռ է, որ դատավորները ժամանակավոր պաշտոնակատար են դառնալու ու գնահատվեն վերագնահատման հանձնաժողովի կողմից. դատավորները, որոնց 65%-ը դեռ 2 տարի առաջ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի նշանակվել էին իրենց կողմից»,-ասվում է գրառման մեջ:

Նոյեմբերի 23-ին հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։ Փաստաթղթի

հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր մոտեցումները՝ հայտարարելով, որ դրանց միջոցով նախատեսվում է ձևավորել պետականության նոր մոդել։

Կառավարության ղեկավարը նոր համակարգը բնութագրել է որպես Չորրորդ հանրապետություն՝ այն ներկայացնելով իբրև Հայաստանի պետականության զարգացման նոր փուլ։

Leave a comment