Այս տարի սեպտեմբերից աշխարհի տարբեր անկյուններում՝ սկսած Գլենդելից ու Սան Ֆրանցիսկոյից, վերջացրած Սիդնեյով և Լոնդոնով, կայանում են հայկական ֆիլմերի փառատոներ, որոնց սնուցման աղբյուրը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է, որի դրած նշաձողին ձգտում են սփյուռքում կազմակերպվող կինոփառատոնները: Aravot.am-ը զրուցել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական խորհրդատու Սուսաննա Հարությունյանի հետ, որն այս օրերին գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Նա այնտեղ անցկացվող Golden Gate հայկական կինոփառատոնի պատվավոր հյուրն է:
«Golden Gate Armenian Film Festival-ում ընդգրկված են և՛ խաղարկային, և՛ վավերագրական, և՛ կարճամետրաժ ֆիլմեր: Դրանց հեղինակները հայազգի ռեժիսորներ են՝ Հայաստանից, Կանադայից, Ֆրանսիայից և աշխարհի այլ երկրներից: Այս փառատոնի նպատակը հարթակ ստեղծելն է, որ Սան Ֆրանցիսկոյում ցուցադրվեն հայազգի կինոռեժիսորների ֆիլմեր, հայ համայնքը ճանաչի հայկական մշակույթը, առնչվի այն խնդիրների հետ, որոնք բարձրացվում են այդ, մասնավորապես՝ վավերագրական ֆիլմերում, ճանաչի նոր ռեժիսորներին, դեբյուտային աշխատանքները, ծանոթանա նաև արդեն ճանաչում ունեցող հայ կինոռեժիսորներին, ինչպիսիք են, օրինակ, Թամարա Ստեփանյանը, Իննա Սահակյանը:
Արդեն երրորդ տարին է, որ կազմակերպվում է փառատոնը, ֆիլմերն էլ ներկայացվում են շատ յուրահատուկ արթհաուս թատրոնում՝ Vogue-ում, որը Սան Ֆրանցիսկոյի սրտում է գտնվում: Ներս մտնելիս անմիջապես կինոյի պատմության շունչ ես զգում, և լավ է, որ փառատոնի կազմակերպիչները համագործակցություն են հաստատել այս կինոթատրոնի հետ, որն արդեն իսկ ունի իր յուրահատուկ հանդիսատեսը: Դա ևս մեկ առիթ է կինոյով հետաքրքրված հանդիսատեսին ներկայացնել իրենց համար անսովոր կինոն կամ բացահայտել հայկական կինոն»:
Խոսելով փառատոնի համահիմնադիրներ Գայանե Փաշայանի և Արա Նեֆյանի մասին՝ մեր զրուցակիցը նրանց որակեց էնտուզիաստներ, որոնց երազանքն է եղել ստեղծել հայկական ֆիլմերի փառատոն Սան Ֆրանցիսկոյում, ինչն իրականացրել են իրենց մեծագույն ջանքերով: «Տեղյակ եմ, որ սկսած 1980-ականների վերջից, նաև 2010-ականներին, հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպելու տարբեր փորձեր են եղել, բայց դրանք երկար չեն տևել: Հուսով եմ, որ Գայանեի, Արայի և նրանց օգնող երկու երիտասարդ հայ աղջիկների էնտուզիազմը շուտ չի մարի, փառատոնը կշարունակվի, ամեն տարի կունենա իր հստակ տեղը, ամսաթվերը, տեղի հանդիսատեսն էլ իր օրացույցում կամրագրի այդ ամսաթվերը: Շատ կուզենայի, որ փառատոնը ունենա կայունություն, աճի, այն ձեռքբերումները, որ ունեցել է նախորդ տարիներին, հիմք հանդիսանան նոր թռիչքների, նոր զարգացումների համար:
Ես այդ զարգացումները տեսնում եմ, օրինակ, այս տարի փառատոնին հաջողվել է բերել Ռոբեր Գեդիկյանի «Կինն այսօր» նոր ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերին՝ Վենետիկի կինոփառատոնում: Golden Gate-ի ֆիլմերի 80 տոկոսը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրից է, այդ թվում՝ Թամարա Ստեփանյանի, Մառլեն Էդոյանի, Իննա Սահակյանի, Կոմս Շահբազյանի ֆիլմերը, նաև «Ոսկե ծիրանի» կարճամետրաժները: Ինձ ուրախացնում է, որ իրենց համար «Ոսկե ծիրանը» նշաձող է, որը փորձում են պահել՝ թեկուզ փոքր ձևաչափով՝ ֆիլմերի ընտրության և որակի, հյուրերի և մնացյալի առումով»,- հավելեց Սուսաննա Հարությունյանը:
Դառնալով Սփյուռքում կայացող հայկական կինոփառատոներին ընդհանրապես՝ նա ողջունելի համարեց այն, որ Սփյուռքում աչալրջորեն հետևում են հայկական կինոյի զարգացմանը, ձևավորվում է այն մտայնությունը, որ ամեն դեպքում հայկական կինոն պետք է եւ Սփյուռքում և Հայաստանում ընկալել որպես մեկ մշակույթ, տարբեր ակունքներից ծնված հայկական մշակույթի դրսևորում: «Ոսկե ծիրանի» համահիմնադիրը կարևորեց նաև մեկ ընդհանուր հարթակի ստեղծումը՝ կապեր հաստատելու, իրար հետ աշխատելու համար:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ «Ոսկե Ծիրանի» ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: