Երևանում քննարկվել են քրիստոնեական ինքնության և ներգաղթի մարտահրավերները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 22-ին Երևանում՝ DoubleTree by Hilton Yerevan հյուրանոցում, «Հավատք, ընտանիք և արժեքներ» համաժողովների հարթակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեական ինքնություն և ներգաղթ» խորագրով համաժողովը։

Համաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել պետական կառույցների, Ազգային ժողովի, հոգևոր շրջանակների, ակադեմիական և հասարակական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանում ներգաղթի միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը հայկական հասարակության ինքնության և արժեհամակարգի վրա, ինչպես նաև ներգաղթյալների ինտեգրման քաղաքականության առաջնահերթություններն ու մարտահրավերները։

Քննարկումների առանցքում Հայաստանի քրիստոնեական ինքնության պահպանման, ազգային արժեքների, հասարակական համերաշխության և ներգաղթի գործընթացների արդյունավետ կառավարման հարցերն էին։ Համաժողովի շրջանակում ելույթներով հանդես են եկել «Միաբանություն» եկեղեցիների միության առաջնորդ Ռուբիկ Թումանյանը, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Եվրոպական համալսարանի պրոռեկտոր Վրեժ Իսանյանսը, ինչպես նաև Հայաստանի միգրացիոն քաղաքականության պետական ռազմավարական ծրագրի մշակման թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։

Բանախոսներն անդրադարձել են քրիստոնեական արժեքների դերին հայկական հասարակության կյանքում, Հայաստանի միգրացիոն իրավիճակին և պետական քաղաքականությանը, ներգաղթյալների ինտեգրման խնդիրներին, ինչպես նաև ազգային ինքնության և հասարակական համերաշխության պահպանման հետ կապված հարցերին։

Համաժողովի երկրորդ հատվածում տեղի է ունեցել «Ներգաղթը և հայկական հասարակության ապագան․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել են համաժողովի բանախոսները, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Երեմյանը և Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը։

Համաժողովի նպատակն էր նպաստել ներգաղթի և քրիստոնեական ինքնության փոխառնչությունների շուրջ բաց, բազմակողմանի և բովանդակային հասարակական քննարկմանը՝ համադրելով պետական քաղաքականության, մասնագիտական և արժեհամակարգային տարբեր մոտեցումները։

«Հավատք, ընտանիք և արժեքներ» համաժողովների հարթակը ստեղծվել է «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ մի շարք համախոհ կազմակերպությունների և անհատների համագործակցությամբ։

Հարթակի նպատակն է համախմբել տարբեր ոլորտների ներկայացուցիչների և խթանել հանրային երկխոսությունը հավատքի, ընտանիքի և հասարակական արժեքների շուրջ։

Leave a comment