Bugatti-ի գնորդները երիտասարդանում են. միլիոնավոր դոլարներ արժեցող հիպերքարեր այժմ գնում են 40-ն անց հաճախորդները

Bugatti ապրանքանիշը, որն ավանդաբար ասոցացվում է տարեց կոլեկցիոներների և հին կապիտալի հետ, արագ երիտասարդանում է։ Վերջին տասնամյակում Մոլսհայմում արտադրվող ավտոմեքենաների գնորդների միջին տարիքը նվազել է 52-ից մինչև 42։ Միևնույն ժամանակ, Bugatti-ի նոր՝ երիտասարդ հաճախորդները շարունակում են անտարբեր մնալ էլեկտրամոբիլների նկատմամբ. ընկերությունը նման մեքենայի վերաբերյալ ոչ մի հարցում չի ստացել։

Այս վիճակագրությունը ներկայացրել է Bugatti Americas-ի ղեկավար Սաշա Դյորինգը։ Նա հաստատել է, որ ապրանքանիշի նկատմամբ հետաքրքրությունն աճում է երիտասարդ գնորդների շրջանում, թեև մանրամասն ժողովրդագրական տվյալներ չի ներկայացրել։ Գնորդների միջին տարիքի տասը տարվա նվազումը նշանակում է, որ մի քանի միլիոն դոլար արժողությամբ հիպերքարեր այժմ ձեռք են բերում ոչ միայն այն մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ խնայել են նման գնում կատարելու համար։

Գնորդների երիտասարդացումը չի նշանակում, որ ապրանքանիշի հին հաճախորդները կորցրել են հետաքրքրությունը։ Ընդհակառակը՝ Դյորինգը հայտնել է, որ հյուսիսամերիկացի կոլեկցիոներներից մեկը տիրապետում է միանգամից 14 Bugatti ավտոմեքենայի։ Նույնիսկ այն մարդկանց չափանիշներով, որոնք պատրաստ են միլիոնավոր դոլարներ վճարել մեկ մեքենայի համար, սա բավականին տպավորիչ հավաքածու է։

Հատկանշական է նաև էլեկտրիֆիկացման նկատմամբ վերաբերմունքը։ Հարցին, թե արդյոք որևէ հաճախորդ խնդրել է էլեկտրական հիպերքար, Դյորինգը կարճ պատասխանել է` ոչ։ Սա ևս մեկ անգամ հաստատում է Մատե Ռիմացի մոտեցման հիմնավորվածությունը։ Նա կարողացել է համոզել Volkswagen Group-ին Chiron-ի հաջորդ սերնդի համար մշակել V16 շարժիչով հիբրիդային ուժային համակարգ՝ ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի փոխարեն։

Արտադրության կարճացված ցիկլով Rimac Nevera-ի ճակատագիրը նույնպես վկայում է, որ բարձրակարգ հաճախորդները չեն շտապում էլեկտրական հիպերքարեր ձեռք բերել։

Հաճախորդների հավատարմությունը Bugatti-ի բիզնեսի առանցքային բաղադրիչներից է։ Ապրանքանիշի սեփականատերերի շուրջ 35%-ն ունի դրա երկու կամ ավելի ավտոմեքենա, իսկ Tourbillon մոդելի գնորդների գրեթե 70%-ն արդեն եղել է ընկերության հաճախորդ։ Սա տպավորիչ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ առաջատար մոդելի պատվերի և հաճախորդին հանձնման միջև սպասման ժամկետը չորս տարի է։

Հատկանշական է, որ գնորդների երիտասարդացումը շքեղ ավտոմեքենաների շուկայի ընդհանուր միտում է։ Automotive News-ի տվյալներով՝ Rolls-Royce-ի հաճախորդների միջին տարիքն այժմ 40 է, այսինքն՝ նույնիսկ ավելի ցածր, քան Bugatti-ի դեպքում։

Bentley-ն նույնպես գրավում է երիտասարդ գնորդներին։ Ընկերությունում շրջադարձային պահ են համարում 2019 թվականին Continental GT-ի երրորդ սերնդի ներկայացումը։ Մոդելը համալրված էր սպորտային փաթեթներով և համարձակ գունային լուծումներով, որոնք հատկապես դուր եկան այն հաճախորդներին, ովքեր նախընտրում են խուսափել քրոմապատ դետալներից։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment